Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բնորոշում է հետևյալ բառով` ճահիճ: «Թե ճահիճն ուր կքաշի կտանի, պատկերացում չկա»,- այսօր Քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արամ Կարապետյանը:
Նա հարցադրում արեց` ինչո՞ւ պետք է իշխանությունները թույլ տային, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեին, ու դրանից հետո մենք հայտնվեինք ծանր վիճակում, չիմանայինք ինչպես խուսափել պատերազմից: Արամ Կարապետյանը նշեց, որ հստակ տվյալներ ունի, որ այդ ամենն արվել է պատերազմ հրահրելու, տարածաշրջանում քաոս ստեղծելու համար` մասնավորապես Իրանի խնդրի հետ կապված:
Բանախոսը նշեց, որ քաղաքական դաշտում այսօր չկան երկրի շահերից բխող ռեալ ալգորիթմներ: Արամ Կարապետյանը հիշեց եվրոպացի գործիչներից մեկի խոսքերը. «Եվրոպացի գործիչներից մեկն ասել է` Հայաստանի իշխանությունը նմանվում է մի պահարանի: Մենք այդ պահարանը տանում ենք, դնում մի անկյունում, ասում` դու այստեղ մնա, դու մերն ես, ամերիկացիները դնում են մի անկյունում, ասում` դու այստեղ մնա: Այդ տեղափոխությունից պահարանը քայքայվում է»:
Արամ Կարապետյանն ընդգծեց, որ այսօր ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չգիտեն` ինչպես գաղափարական պայքար տանել, ինչպես իրենց ծրագրերը հասանելի դարձնել ժողովրդին: «Մեկին հարցնում ես, ասում է` Նժդեհ, մյուսը բարգավաճում է»,- նշեց նա: Քաղաքական դաշտում ռեալ պայքար չկա, քանի որ, ըստ բանախոսի, բոլորը գիտեն, որ գալու է ընտրությունների ժամանակը, իշխանությունները դարձյալ վերարտադրվելու են:
Արամ Կարապետյանը նշեց, որ այսօր մի քանի կարևոր հարցեր պետք է հստակեցվեն: Ամենագլխավորն այն է, թե ի՞նչ քաղաքական համակարգ ենք ուզում Հայաստանում: Պետք է նաև, նրա խոսքով, հստակ լինի` կարողանո՞ւմ ենք օլիգարխիան դուրս բերել քաղաքական դաշտից, թե ոչ:
Կարևորելով ռուսական գործոնը Հայաստանի զարգացման հարցում` Արամ Կարապետյանը նշեց. «Ասեք մեկ այլ շուկա, որը Հայաստանին այդքան մոտ է, մեծ է, և որին կարելի է այդքան հեշտ ինտեգրվել, զարգացնել արդյունաբերությունը: Թող վարչապետը կանգնի և ասի»:








































