Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ կարողացել է փաստերով արձանագրել Բիրմայում էթնիկական և կրոնական բռնությունից տուժած մի շրջանի լիակատար ոչնչացումը:
Իրավապաշտպանների հրապարակած արբանյակային պատկերները վկայում են, որ արևմտյան Բիրմայում գտնվող շրջանն ամբողջովին այրվել է: Կազմակերպությունը հայտնում է, որ ոչնչացել են ավելի քան 800 շենք և լողացող տներ: Հավանաբար, տեղի բնակիչները փորձել են փրկվել` ծովը նավակներով անցնելով:
Human Rights Watch-ի տվյալներով` բնակիչների մեծ մասը ռոհինգյա ժողովրդի մահմեդական ներկայացուցիչներ են: Նրանք հարձակման են ենթարկվել Բիրմայի բուդդայականների կողմից, որոնք հայտարարում են, որ ռոհինգյանները տեղ չունեն երկրում:
Բիրմայի իշխանությունները հայտնել են, որ առնվազն 64 մարդ է սպանվել ավելի վաղ այս շաբաթ տեղի ունեցած միջէթնիկական բախումների հետևանքով:








































