ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրանցի քաղաքացիական ակտիվիստներ Նասրին Սոտուդեին և Ջաֆար Փանահիին շնորհավորել է Եվրախորհրդարանի` ակադեմիկոս Սախարովի անվան մրցանակին արժանանալու կապակցությամբ։
«Մենք Իրանի կառավարությանը կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել Սոտուդեին ու Փանահիին, բոլոր քաղբանտարկյալներին, նաև այլ քաղաքացիների, որոնք ձերբակալվել են պարզապես իրենց քաղաքական և կրոնական հայացքների համար»,- նշել է Քլինթոնը:
Նա նշել է. «Նասրին Սոտուդեի և Ջաֆար Փանահիի աշխատանքը` մարդու իրավունքների պահպանման և խոսքի ազատությանն աջակցելու ուղղությամբ, արտացոլում է բոլոր իրանցիների` իրենց հիմնական ազատություններից ու իրավունքներից օգտվելու ցանկությունը»:
Նա հիշեցրել է, որ 2 իրանցի ակտիվիստներն էլ ներկայումս ձերբակալված են: Նասրին Սոտուդեն փաստաբան է` հայտնի աղմկոտ դատերի ժամանակ ընդդիմադիրների շահերի պաշտպանությամբ: 2011-ին «հակապետական քարոզչություն» իրականացնելու համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ռեժիսոր Ջաֆար Փանահին բանտում է հակակառավարական գործունեություն ծավալելու պատճառով:









































