Շաբաթ օրը լրանում է աշխարհի ամենահայտնի ճոպանուղու 100-ամյակը: Այն գտնվում է Շաքարի գլուխ լեռան վրա և Բրազիլիայի նախկին մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշներից է: Այս մասին հայտնել են լատինաամերիկյան ԶԼՄ-ները: Ճոպանուղու աշխատակազմը ծրագրել է այդ օրը այցելուներին բաժանել 2 000 կտոր տոնական տորթ:
Տարեկան այս վայր է գալիս ավելի քան կես մլն այցելու: Դրանով զբոսնել են ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը և նախագահ Ջոն Քենեդին:
Ճոպանուղին պատկանում է մասնավոր ընկերության: Նախատեսվում է հաջորդ տարի այն արդիականացնել:
Ճոպանուղին նախագծել է բրազիլացի ինժեներ Ավգուստո Ֆեռեյրա Ռամոսը` 1908-ին: Այն պաշտոնապես բացվել է 1912-ի հոկտեմբերի 27-ին: Ճոպանուղին Շաքարի գլուխը (396 մ բարձրություն) կապել է Մոհո-դու-Ուրկա (224 մ) լեռան հետ: Այն առաջին ճոպանուղին է Լատինական Ամերիկայում և երրորդը` ամբողջ աշխարհում:
Ճոպանուղու մի ծայրից մյուսն անցնելը մեծահասակների համար արժե 53 ռեալ (մոտ 25 դոլար):









































