ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր հանրապետական մրցակից Փոլ Ռայանի մոտ հայտնաբերել է «Միթ Ռոմնիի հիվանդությունը»` «ռոմնեզիա»։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Պարզվում է «ռոմնեզիան» վարակիչ հիվանդություն է. խեղճ Փոլը դրանով վարակվել է»,- ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վիսկոնսին նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ:
«Ռոմնեզիա» բառը շրջանառության մեջ է դրել նախագահ Բարաք Օբաման: Նա հայտարարել է, որ այդ «հիվանդությամբ» տառապում է նախագահի թեկնածու Միթ Ռոմնին: Օբաման «ռոմնեզիա» ասելով՝ նկատի ունի մրցակցի մոռացկոտությունը, ով իր տեսակետները փոխում է` կախված այն լսարանից, որին դիմում է:
Բայդենի կարծիքով՝ Ռայանի «ռոմնեզիան» արտահայտվում է նրանում, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի ղեկավարը «մոռացել է» բյուջետային իր իսկ նախագիծը:








































