Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլին նոր պաշտոնում իր աշխատանքային առաջին օրվա կապակցությամբ այսօր հանդիպել է լրագրողների հետ: Գարիբաշվիլին խոստացել է, որ այլևս չեն կատարվի հեռախոսային զանգվածային գաղտնալսումներ.
«Հեռախոսային գաղտնալսումն օրինախախտում է: Ես վերջ կդնեմ դրան, ինչպես նաև ինտերնետային վերահսկողությանը: Ես կծառայեմ ժողովրդին, կլինեմ կառուցողական և կընդունեմ յուրաքանչյուր աշխատակցի առողջ քննադատությունը: ՆԳՆ-ում իրականացվելու են բարեփոխումներ ու կառուցվածքային փոփոխություններ: Այդ մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի հաջորդ շաբաթ:
Ստեղծվելու է Բարեփոխումների ու զարգացման ազգային բյուրո, որը կազմված է լինելու առաջադեմ մարդկանցից: Նրանք էլ կմշակեն ՆԳՆ-ի զարգացման երկարատև ռազմավարությունը: Ես նախարարություն եմ գալիս միայն առաջադեմ գաղափարներով: Լինելու է ավելի լավ, քան մինչ այս էր»: