Գյումրու նորընտիր քաղաքապետին 1.2 մլրդ պարտքերի տակ գցած Վարդան Ղուկասյանը այժմ էլ իր և որդու պարտքերն է պահանջում նրանից: «Առավոտ»-ը գրում է, որ երեկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` իր վզին թողած պարտքերի ահռելի ցուցակը հրապարակելիս Սամվել Բալասանյանը ավագանու հին կազմին հարցրեց. «Տեսնո՞ւմ եք պատուհանից երևացող արձանախումբը, կարո՞ղ եք ասել` քանի տարի է կանգնեցված»:
Ի պատասխան քաղաքապետի` ավագանու անդամները տեղից բացականչեցին` 4 տարի: «Բա ամոթ չէ՞, 2008 թվականից` 4 տարի շարունակ էս պարտքը գալիս է. չի կարող էսպիսի բան լինել, էսպես հնարավոր չէ ուղղակի, քանդակագործ Արտուշ Պապոյանին պարտք են 3 միլիոն 300 հազար Վարդանանց էս խմբի համար»,- նեղսրտեց Սամվել Բալասանյանը` ակնարկելով, որ իրենց անունով արձանախումբ են կանգնեցնում, պարտքերը իր վրա են թողնում:
Հիշեցնենք, որ Վարդան Ղոկասյանը հավերժացրեց Վարդանանց պատերազմի մասնակիցներին, նրանց պատվին ոչ միայն արձանախումբ կանգնեցրեց, այլև քաղաքապետարանի դիմացի կենտրոնական հրապարակը անվանափոխեց` դարձնելով Վարդանանց հրապարակ, և իհարկե` այս ամենը ոչ միայն ի
պատիվ հերոսների էր, այլև` իր:









































