Մինչ արաբական պետությունները փոփոխությունների և հեղափոխության շրջան են ապրում, ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին փորձում են արաբական սփյուռքին իրենց կողմը գրավել` շեշտն ավելի շատ դնելով ներքին քաղաքականության վրա։ Այս մասին գրում է Alarabiya–ն։
«ԱՄՆ-ի արաբուհիները` Օբամայի համար» կազմակերպության անդամ Ջաման Ջուդան ասել է, որ իրենց խումբն ակտիվ քարոզարշավ է կազմակերպում արաբական սփյուռքի, հատկապես կանանց համար՝ համարելով, որ դեռ երբեք չի եղել թեկանծու, ով լիովին անկախ դիրքորոշում ունենար Իսրայելի հանդեպ։ Նա նաև ավելացրել է, որ կազմակերպությունը միշտ չէ, որ համաձայն է Օբամայի որոշումների հետ, սակայն մարդիկ պարտավոր են քվեարկել նրա համար:
Կազմակերպության մեկ այլ անդամ` Ջեկի Զիդանն ասել է, որ Օբաման իր ոչ բոլոր նախընտրական խոստումներն է կատարել, սակայն դա բացատրվում է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությամբ։
ԱՄՆ-ում ապրում է 3,5 մլն արաբ։ Անցած ընտրություններին սփյուռքի մեծ մասը քվեարկել է Օբամայի օգտին, այդպիսի միտում կա նաև հիմա:
Սոցհարցումների համաձայն` արաբական սփյուռքի 52 %-ը կքվեարկի Օբամայի օգտին, 28 %-ը` Ռոմնիի:











































