Գալիք նախագահական ընտրությունները Հայաստանի իշխանության և ժողովրդի համար շրջադարձային պետք է դառնան: Հայաստանը խաչմերուկի առջև է կանգնած, որից այն կողմ կա՛մ զարգացում է, կա՛մ՝ կործանում և քաոս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ խոսելով ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրությունների կարևորության և Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների մասին:
Կայծ Մինասյանը հիշեցրեց՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ «հավատանք, որ փոխվենք»: Ըստ նրա՝ պետք է լինի զարգացում, խաղաղություն, փոփոխություններ, իրական պայքար կոռուպցիայի դեմ և ուղղություններ, նոր հորիզոններ՝ մեր հասարակության համար: Ֆրանսահայ քաղաքագետի կանխատեսումներով՝ եթե այդ դինամիկան չստեղծվի, քաոս կլինի, պատերազմ, փլուզում՝ ոչ թե պետության, այլ հասարակության:
«Այս ընտրությունները շրջադարձային պետք է լինեն, եթե հաշվի առնենք նաև այն, որ տարածաշրջանային խնդիրները փոխվել են և արտաքին ճնշումները բավական ուժեղացել: Ունենք Սիրիայի հարցը, Պարսկաստանի և սովորական դարձած Ղարաբաղի, Վրաստանի և Ռուսաստանի հարցերը: 2013 թվականը կարևոր է Կովկասի համար, քանի որ 3 պետություններում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: Դրանք շատ կարևոր են՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը` ամենակարևորը համարելով միջազգային համայնքին հատուկ մեսիջ ուղարկելու հայ ժողովրդի ունակությունը:
Ֆրանսահայի կարծիքով՝ հայերն, իբրև ժողովուրդ, իբրև պետություն, ունեն ասելիք այս աշխարհին, սակայն պետք է ճիշտ ուղղություն բռնել, պետք է ճիշտ խոսք արտահայտել, որպեսզի թե՛ ներքին վստահություն ստեղծվի, թե՛ հայ ժողովրդի արժանապատվությունը հարգվի, և թե՛ Հայաստանն, իբրև պատասխանատու երկիր, հարգվի միջազգային հանրության կողմից:
Այսինքն, Կայծ Մինասյանի խոսքերով, նախագահական ընտրությունները կարևոր են այն առումով, որ պետության հասարակության միջև վստահություն լինի, որի համար այսօրվա քաղաքական ուժերը պետք է լուծեն ժողովրդի խնդիրները, ոչ միայն օրենքներ անցկացնեն:
« Օրենքներ անցկացնելը կարևոր է, բայց օրենքը պետք է գործի, ժողովրդի հարցերը պետք է լուծվեն: Պետք է ժողովրդի մտահոգությունները մշակեն և լուծեն, այսինքն՝ ժողովրդի անձնական և ընդհանուր խնդիրները լուծվեն: Այսինքն՝ վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ ժողովուրդը հավատա, որ փոփոխություններ կլինեն: Ժողովուրդը պետք է ճնշի քաղաքական ուժերին, ասելով, որ պատրաստ են վստահություն տալ, եթե իրենց խնդիրները կլուծվեն: Միայն սեփական շահերը նայելը և միայն սեփական շահերը հետապնդելը անիմաստ է այլևս, կան ընդհանուր շահեր, դրանք են կարևոր»,- նկատեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Հարցին, թե Հայաստանում գործող քաղաքական ուժերի գործունեությունը թու՞յլ է տալիս տեսնել փոխելու և ժողովրդի վստահությունը ձեռք բերելու այդ ներուժը՝ նա պատասխանեց, որ միայն խոսքով են խոսում, իրականության մեջ՝ ոչ: «Մարդիկ պատգամավոր են ընտրվում և վերջ: Միայն խոսքով են զբաղվում մտահոգություններով, հետո նայում են , թե որ աթոռը պետք է գրավվի, ինչ տեսակ մրցումներ մյուս կուսակցությունների հետ պետք է տարվեն, ինչպես պետք է բաժանեն աթոռները: Քսան տարի խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, բայց ի՞նչ տեսանք: Ոչ մի բան: Ցանկը երկար է: Ժողովուրդն ինքը պետք է ցույց տա, որ այն իշխանությունը, որը չի կարողանում լուծել իրենց խնդիրները, պետք է վերանա»,- պարզաբանեց Կայծ Մինասյանն՝ ընդգծելով, որ այսօր հասարակությունները պահանջկոտ են և ուզում են մասնակցել քաղաքական գործընթացներին, այդպիսին պետք է լինեն նաև հայերը:










































