Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի կենտրոնական Խանջյան փողոցի վրա տեղակայված Jose ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի երրորդ հարկի փլուզման հետևանքով վիրավորվել են 10-ից ավել շինարարներ: «Առաջին լրատվական»-ին ականատեսները նկարագրեցին, թե ինչ շառաչյունով է կիսակառույցի երրորդ հարկը փուլ եկել: Ենթադրվում է, որ փլուզման պատճառը նախագծային սխալն է եղել:
Այսօր ժամը 13.10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի վրա շենք է փլուզվել և կան տուժածներ: Անմիջապես դեպքի վայր են մեկնել և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները և Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, տեղում է փրկարար ծառայության տնօրենը և ղեկավար աշխատակիցներ: Փլուզվել է կիսակառույց շենքի երրորդ հարկը և 11 աշխատակիցներ մնացել էին փլատակների տակ: Ձեռնարկված աշխատանքների շնորհիվ այս պահին ութ հոգի տեղափոխվել է Մասիվի հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է, իսկ մնացած 3 տուժածների վիճակը բարվոք է, նրանք դեպքի վայրից իրենց ոտքով դուրս եկան: Այս մասին քիչ առաջ դեպքի վայրում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի տեղակալ և ԱԻՆ արտակարգ ալիքի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը: Նա նշեց, որ փրկարարաները դեռ աշխատում են, փորձում են գտնել բոլոր վիրավորներին, տվյալները համեմատում են աշխղեկի տվյալների հետ: « Փլուզման պատճառների մասին կարող ենք ասել փորձագիտական եզրակացությունից հետո: Այսքան մարդ է տուժել, քրեական գործ կհարուցվի և նյութերով կներգրավվեն տարբեր փորձագետներ, որոնք կներկայացնեն տվյալներ: Այս պահին նաև ճշտվում է՝ ում շենքն է»,- հստակեցրեց Նիկոլայ Գրիգորյանը:
Հիմա դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները և «Շտապօգնություն» ծառայությունը:









































