Հայտնի բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեսթվուդը չորեքշաբթի այցելել է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը հունիսի 19-ից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այսպիսով՝ նորաձևությունում փանկ ոճի հիմնադիրը աջակցություն է հայտնել Ասանժին, որը բազմիցս հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Շվեդիայի իշխանությունների կողմից ճնշումների զոհ է դարձել:
Վեսթվուդը դեսպանատուն էր եկել ֆիրմային շապիկով, որի վրա պատկերված էր սեփական դիմանկարը՝ «Ես Ջուլիան Ասանժն եմ» արտահայտությամբ: Սեպտեմբերին` Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում, Վեսթվուդը նման մարզաշապիկներ էր բաժանել իր հավաքածուի ցուցադրությանը հավաքված բոլոր հայտնի մարդկանց: Դեֆիլեն անցկացվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության շենքում:
Մտնելով Էկվադորի դեսպանատան շենք՝ Վիվիենը անվտանգության աշխատակիցներին և լրագրողներին ցուցադրել է Ասանժի նվերը՝ մի շիշ կարմիր գինի:
Երկու շաբաթ առաջ Էկվադորի դիվանագիտական առաքելության շենքում է եղել ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, որի հետ Ասանժը զրուցել է մոտ 5 ժամ:
Ջուլիան Ասանժը բազմաթիվ աջակիցներ ունի հանրահայտ մարդկանց շարքում` ամերիկացի կինոռեժիսոր Մայքլ Մուրը, բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչը և պակիստանյան ծագմամբ բրիտանացի գրող Խանիֆ Կուրեյշին:








































