Փոթիի նավահանգստի աշխատակիցների այսօր հայտարարած անժամկետ գործադուլը կարող է շատ լուրջ խնդիրների առջև կանգնեցնել Հայաստանը: Մեր բեռների ահռելի քանակը ՀՀ է բերվում հենց այդ նավահանգստի միջոցով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` եթե գործադուլը իսկապես երկար շարունակվի, հնարավոր է` ժամանակավոր լուծում տրվի` բեռները սկսեն բերել Բաթումի նավահանգստով: Սակայն, նրա խոսքով, այս երկու նավահանգիստները ներքին կապ ունեն, և Փոթիի գործադուլավորներին կարող են հետևել նաև Բաթումի նավահանգստի աշխատակիցները:
Վրացական նավահանգիստներով են ներկրվում ՀՀ-ի ողջ բեռնարկղերը, այդ թվում` վառելիքը, ցորենը, շաքարավազը, տարբեր տեսակի սննդամթերք և այլն:
Միաժամանակ, 2 ժամանոց գործադուլ է հայտարարել նաև վրացական երկաթուղին, իսկ դրանից առաջ գործադուլ էին արել նաև Բորժոմի գործարանը և այլ ձեռնարկություններ: Գ. Աղաջանյանի բնորոշմամբ` սա նման է շղթայական ռեակցիայի, որ կարող է համատարած բնույթ ունենալ:
Հիշեցնենք, որ Փոթիի նավահանգստի գործադուլավորներին աջակցում է Վրաստանի Արհմիությունների միավորումը: Նավահանգստի աշխատակիցները պահանջում են նորմալ աշխատանքային պայմաններ (այնտեղ նույնիսկ զուգարաններ չկան) և աշխատավարձերի բարձրացում:









































