Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է, բայց հիմա պայմանավորվածություններ ձեռք բերելու շրջանն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ներքին քաղաքական զարգացումների շուրջ:
Նա նշեց, թե այս պահին ենթադրելի է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահության երկրորդ շրջանի համար: Ուստի, բանախոսի գնահատմամբ, ամբողջ ինտրիգը շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի և նրանց շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Ըստ քաղաքագետի՝ պայքար է շարունակվում և՛ այն հարցի շուրջ, թե ԲՀԿ-ն կառաջադրի՞ իր թեկնածուին նախագահական ընտրություններին, և նրա շուրջ, որ չի առաջադրի: Սակայն, Իսկանդարյանի խոսքերով, այս հարցն արդեն երկարաձգվում է, ինչը ցույց է տալիս, որ ճնշումները Գագիկ Ծառուկյանի վրա լուրջ են:
«Կանխատեսումներ անել, թե Գագիկ Ծառուկյանին կհաջողվի կոտրել՝ չեմ կարող, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ նույնը եղավ, և կոտրել չհաջողվեց: ԲՀԿ-ն եկավ իր ցուցակով և բավական շատ ձայներ հավաքեց: Մինչ այսօր այս իրավիճակը շարունակվում է, ինչը ցույց է տալիս, որ որոշում չկա»,- մեկնաբանեց բանախոսը՝ շարունակելով, որ երկու տարբերակ է հնարավոր:
Առաջինի դեպքում, վերլուծաբանի խոսքով, առաջադրվում է ԲՀԿ թեկնածու (հնարավոր են տարբեր թեկնածուներ), որի դեպքում կլինի լուրջ նախընտրական քարոզարշավ և լուրջ պայքար: Իսկ երկրորդ տարբերակը, ըստ նրա, այն է, որ ԲՀԿ-ն չառաջադրի իր թեկնածուին, որի դեպքում նախագահական ընտրություններին լուրջ հայտ այլ ուժ չի կարող ներկայացնել, ուստի լուրջ պայքար չի լինելու:
Խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումներից, թե Գագիկ Ծառուկյանը մինչ այսօր կոալիցիա կազմելու առնչությամբ հակառակը չի ասել, Ա. Իսկանդարյանն ասաց, որ վարչապետը ՀՀԿ ներկայացուցիչ է, իսկ ՀՀԿ-ի նպատակն է, որ Գագիկ Ծառուկյանը կամ նրա կուսակցությունից որևէ այլ մեկը չառաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում:
Անդրադառնալով նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարություններին՝ նա ասաց, որ ՀԱԿ-ի պահվածքը բնական է: «ՀԱԿ-ն առաջ է մղում ԲՀԿ թեկնածուին, որի դեպքում միավորման հարց կառաջանա, եթե ԲՀԿ-ն չառաջադրի իր թեկնածուին, ոչ մի լուրջ հայտ ՀԱԿ-ը չի կարող ներկայացնել: Իմ կարծիքով, տոկոսը, որին ՀԱԿ-ը կարող է հավակնել, վտանգ չէ Սերժ Սագսյանի համար: Այս պահին ՀԱԿ-ի համար արդյունավետ թեկնածուն կարող է լինել Գագիկ Ծառուկյանը»,- եզրափակեց իր խոսքն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































