ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը կասկածամտորեն է վերաբերվում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հայտարարություննրին առ այն, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել կրակը Իդ Ալ-Ադհա մուսուլմանական տոնի ժամանակ:
«Շատերը բավական կասկածամտորեն են տրամադրված կրակի՝ անգամ ժամանակավոր դադարեցման հեռանկարների հանդեպ՝ հաշվի առնելով, որ Ասադը միշտ խախտում է խոստումը»,- ասել է նա լրագրողներին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ավարտից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիստի ընթացքում Բրահիմին տեսակոնֆերանսով ՄԱԿ-ի ԱԽ անդամերին տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, ամենայն հավանականությամբ, հինգշաթի պաշտոնական հայտարարություն կանի կրակը ժամանակավորապես դադարեցնելու իր պատրաստականության մասին:
Ռայսը Twitter-ի իր էջում գրել է, որ «Միացյալ Նահանգները միանում է ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԱՊԼ-ին՝ աջակցելով Բրահիմիի կոչին՝ այս շաբաթ ամբողջությամբ դադարեցնել կրակը երկրում Իդ Ալ-Ադհայի տոնակատարության ժամանակ»:
Նա նշել է, որ «Սիրիայի կառավարությունն առաջինը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, իսկ ընդդիմությունը պետք է հետևի այդ օրինակին»:










































