Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, գիտական խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Վարդանյանը դրական է գնահատում Doing business 2013-ում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ միանգամից 18 կետով:
«Սա առավել շատ ուղղված է մեր արտաքին գործընկերներին. հրավերք է, և՛ ներդրումներ անելու, և՛ միջավայրի բարելավման առումով հրապուրիչ է: Ամեն դեպքում միջազգային համեմտությունները կարևոր են, որպեսզի ներդրողները հասկանան՝ որտեղ է հարմար բիզնեսը ծավալել: Այդ առումով ՀՀ առաջընթացը՝ 32-րդ տեղում հայտնվելը, դրական ազդակ է՝ ուղղված արտաքին գործարարներին, որ ակտիվացնեն իրենց գործունեությունը մեր տնտեսությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գ. Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Doing business 2013-ում Հայաստանի առաջընթացը զգալի է «Ներդրումային միջավայր» ենթացուցիչով՝ 73 կետով (նախորդ տարվա 98-րդ տեղի համեմատ այս տարի զբաղեցնում ենք 25-րդ տեղը), «Հարկերի վճարում» ենթացուցիչով ՝ 44 կետով (152-րդ տեղից բարձրանցել ենք 108-րդ տեղը), «Էլեկտրաէներգիայի միացում» ցուցիչով՝ 42 կետով (143-րդ տեղից բարձրացել ենք 101-րդ տեղ):
3 ենթացուցիչներով ՀՀ-ն գրանցել է հետընթաց՝ «Բիզնեսի սկսում» (10-րդ տեղից իջել ենք 11-րդ տեղը), «Արտաքին առևտուր» (106-րդ տեղից իջել ենք 107-րդ տեղը), «Վարկերի հասանելիություն» (38-րդ տեղից իջել ենք 40-րդ տեղը):











































