Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչքանով է նպատակահարմար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այդքան շատ այցերը այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Նոր Զելանդիան, Գվատեմալան, Կոնգոն և այլն, և հնարավոր չէ՞ այցերը կրճատել ու խնայված միջոցների հաշվին լուծել նվազագույն աշխատավարձի պատշաճ բարձրացման խնդիրը:
«Հասկանում ենք հարցի քաղաքական բովանդակությունը»,- պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նկատելով, որ նույն շարքին կարելի է դասել աղքատության խնդրի լուծումը, օրինակ՝ ինչպե՞ս կարելի է այցելության գնալ, եթե աղքատները ՀՀ-ում 30% են:
Ըստ վարչապետի՝ այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ ԱԺ դահլիճում կառավարությունն արժանանում է այլ քննադատության` որ ակտիվ չեն միջազգային ասպարեզում, իսկ այցերի համար նախատեսված գումարը այլ սոցիալական խնդիրներին հատկացնելու առաջարկը «կոռեկտ չէ»:
Ա. Վարդանյանը հակադարձեց` հասկանալի չէ, թե ինչ է անում ԱԳ նախարարը Նոր Զելանդիայում, Գվատեմալայում, Կոնգոյում. եթե նման երկրներում պետք է ներկայացվի և բարձրացվի ՀՀ հեղինակությունը, ինձ հասկանալի չէ»:
Տ. Սարգսյանն իր հերթին պնդեց, թե ԱԳ նախարարի բոլոր գործուղումները խիստ կարևոր են, համաձայնեցվում են նախապես, երկրները կարող են լինել շատ տարբեր, և դա ամենևին չի նշանակում, որ այդ երկրներում քննարկվող հարցերը կարևոր նշանակություն չունեն մեր արտաքին քաղաքականության տեսանկյունից:









































