ԱՄՆ կառավարության աջակցությամբ ՀՀ-ում իրականացված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում թվով 81 հազար 709 գյուղացիների համար տարբեր համայնքներում իրականացվել են տարբեր դասախոսություններ: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրեց հրապարակել այդ դասախոսությունների վրա ծախսված գումարի չափը:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ դա ներառված է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչում, ընդհանուր գումարը` 32 մլն դոլար, որում ներառված են նաև տրամադրված վարկերը, ցուցադրական տեղամասերը, վերամշակող կազմակերպություններին աջակցությունը, կարողությունների հզորացումը և այլն:
Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ միայն դասախոսությունների համար ծախսվել է 16.6 մլն դոլար, և շարունակեց. «Երբ ՀՀ գլխավոր դատախազը 181 հազար դոլարի համար խնդրում է ԱԺ աջակցությունը` Օսկանյանի մեղավորությունը ապացուցելու համար, կարծում եմ` պետք է նպաստենք, որ 16.6 մլն ծախսողները հանրության առջև ապացուցեն իրենց անմեղությունը»:
Ն. Զոհրաբյանի բնորոշմամբ՝ «ատկատը դարձել է քաղաքական ֆոլկլորի հիմնական մաս»:









































