Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման խնդրին.
«Հնարավոր է՝ մենք չկարողանանք արագորեն վերադարձնել տարածքները, սակայն գոյություն ունի հետաքրքիր երկիր կառուցելու դասական ուղի, որից հետո տեղի կունենա տարածքային ամբողջականության վերականգնումը: Նոր իշխանությունն անելու է ամեն ինչ՝ վերադարձնելու համար օկուպացված տարածքները:
2008 թվականին Ռուսաստանին Վրաստան ներխուժելու հնարավորություն են ընձեռել վրացական իշխանությունների գործողությունները: Այն, ինչ մենք ստացանք 2008 թվականին, բնականաբար, եղավ ձեր, հավանաբար՝ ձեր գլխավոր հրամանատար Սաակաշվիլիի անձնական մասնակցությամբ մեծ սադրանքի հետևանքով:
Դա ընդունում են բոլոր եվրոպացիները և կրկնում են ամերիկացիները: Այդ գործընթացը տեղի չէր ունենա և չէր զարգանա, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն: Ինչ վերաբերում է ձեր այն պնդումներին, թե Ռուսաստանը դրան պատրաստվել է տարիների ընթացքում, ապա ես մշտապես ասել եմ և այսօր էլ կրկնում եմ, որ ոչ թե տարիների, այլ դարերի ընթացքում Ռուսաստանը ցանկություն է ունեցել անցնել Կովկասի սահմաններից այս կողմ:
Եվ այն, ինչ նա ցանկացել է և չի կարողացել անել տարիների ու դարերի ընթացքում, կարողացավ իրագործել ձեր առաջնորդ Սաակաշվիլիի միջոցով, սադրանքի հիման վրա Ռուսաստանը ստացավ գործելու իրական առիթ: Դուք Ռուսաստանին հնարավորություն տվեցիք իրագործելու իր վաղեմի երազանքը, և մենք իրականում ստացանք օկուպացված տարածքներ:
Ինչ վերաբերում է աբխազների ու օսերի հետ մեր հարաբերություններին, ապա Վրաստանը պետք է հետաքրքրություն ներկայացնի աբխազների ու օսերի բնակության համար: Մենք պետք է նրանց շահագրգռենք այն պայմաններով, որոնք իրականում կստեղծվեն այստեղ»:








































