ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան Հայաստանում ավարտում է իր առաքելությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս տարի տոնվում է Հայաստանում ՄԱԿ-ի հիմնադրման 20-ամյակը: Արդեն քսան տարի ՄԱԿ-ը Հայաստանին օգնում է տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացման հարցում:
«Այդ ժամանակից ի վեր մենք գործել ենք ձեր գեղեցիկ երկրի բնակչության կյանքը բարելավելու համար` համագործակցելով կառավարության և մասնավոր հատվածի հետ: Հիմնականում մարդասիրական օգնություն է ՄԱԿ-ը տրամադրել Հայաստանին»,- ասաց Գերչևան: Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի օժանդակությամբ Հայաստանում ծրագրեր են իրականացվում` ուղղված երկրում ժողովրդավարության, ազատ շուկայական հարաբերությունների հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, աղքատության դեմ պայքարին, տնտեսական աճի խթանմանը և հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:
Միաժամանակ, Դ. Գերչևան նշեց, որ երկրում դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց լուծման համար երկար ժամանակ կպահանջվի: Առկա խնդիրներից նա առաձնացրեց ազգաբնակչության ցածր կենսամակարդակը, մարզերի անհամաչափ զարգացումը, բիզնեսի համար բարենպաստ պայմանների բացակայությունը, տնտեսության կենտրոնացվածությունը, ցածր մրցունակությունն ու արտահանման խթամանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը: Ըստ նրա` այս բարեփոխումների համար դաշինքներ պետք է կազմվեն, Հայաստանը պետք է գործընկերային հարաբերություններ հաստատի, որպեսզի երկարաժամկետ հատվածում լուծվեն այս խնդիրները:
Դաֆինա Գերչևան նշեց, որ հեռանում է` իր մի մասնիկը թողնելով Հայաստանում, որպեսզի որոշ ժամանակ դեռ շարունակի տարբեր ծրագրերով աջակցել Հայաստանի զարգացմանը: Նա ասաց որ հեռանում է լավ հուշերով, հիացած է Հայաստանի գեղեցիկ բնույթամբ և պատմամշակութային հուշարձաններով: Գերչևան վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան կժամանի որպես զբոսաշրջիկ:
«2013 թվականից Հայաստանը Եվրամիության երկրների քաղաքացիների համար վերացնում է վիզային ռեժիմը։ Ես, որպես Բուլղարիայի քաղաքացուհի, կկարողանամ օգտվել այդ արտոնությունից և որպես զբոսաշրջիկ կգամ այստեղ»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































