«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հրապարակեց բոլոր այն երկրների անունները, որոնց Ռուսաստանը ներել է պետական պարտքը:
Ըստ այդմ՝ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք երկրների պարտքը, պատրաստվում է դուրս գրել Զամբիայի, Բենինի, Մոզամբիկի պարտքը, Ղրղըզստանի պետական պարտքն է դուրս գրել, Կորեայի հետ համաձայնել են հյուսիսկորեացիների 11 մլրդ դոլարի պարտքը դուրս գրել: Նախկինում ՌԴ-ն դուրս է գրել Սիրիայի` 10 մլրդ, Աֆղանստանի՝ 11 մլրդ, Լիբիայի՝ 4.5 մլրդ, Մոնղոլիայի՝ 11.1 մլրդ դոլար պարտքերը: Ընդհանուր առմամբ՝ 2000թ.-ից ի վեր դուրս է գրել 100 մլրդ դոլար պարտք:
«Դրանք պարզապես ներվել են կամ կիրառվել է «զարգացում` պարտքի դիմաց» ծրագիրը: Զարմանալի է, որ մեր դարավոր ընկեր Ռուսաստանը ոչ միայն դուրս չի գրել, այլև մեր նկատմամբ կիրառել է «գույք` պարտքի դիմաց» ծրագիրը»,- հայտարարեց Ա. Արզումանյանը՝ ԱԺ-ին կոչ անելով հետամուտ լինել այս կենսական խնդրի լուծմանը և հանձնարարել բանակցություններ սկսել մեր ռազմավարական գործընկերների հետ պարտքը դուրս գրելու կամ վերակազմավորելու շուրջ:










































