Ուելսի դատարանը 25-ամյա բայքեր Մայքլ Մաքիվերին արագության գերազանցման պատճառով զրկել է իրավունքից: Այս մասին հաղորդում է BBC-ն: YouTube վիդեոհոսթինգում տեղադրված հոլովակում Մաքիվերը ցուցադրել էր իր շրջագայությունը մոտոցիկլետով, որի ընթացքում զգալիորեն գերազանցել էր արագությունը:
Տեսագրությունում, որը հեռացվել է YouTube-ից, մոտոցիկլետի արագաչափը ցույց է տալիս 194 կմ/ժամ արագություն, մինչդեռ Մեծ Բրիտանիայում ավտոմայրուղիներին մոտոցիկլետով ընթանալու առավելագույն թույլատրելի չափը 113 կմ/ժամ է:
Դատարանն արձանագրել է, որ թեև արագությունը գերազանցվել է, սակայն բայքերը անմիջական վտանգ չի ներկայացրել մյուսների համար: Դատախազը նշել է, որ դատելով տեսահոլովակից` Մաքիվերը այլ վարորդների չի ստիպել իրեն զիջել ճանապարհը և շրջապտույտներին նվազեցրել է արագությունը:
Արդյունքում դատարանը նրան 12 ամսով զրկել է բայքերական իրավունքից, ինչպես նաև 200-ժամյա հասարակական աշխատանքի որոշում կայացրել: Մեկ տարին լրանալուն պես` նա ստիպված կլինի իրավունքի վերականգնման համար բարդացված քննություն հանձնել:











































