«Արմպրոդէքսպո» ցուցահանդես Սերժ Սարգսյանի կատարած այցելության ժամանակ, երբ Սարգսյանը մոտեցել է «Մուլտի Ագրո»-ի տաղավարին, նրան բավական ջերմ է ընդունել ընկերության սեփականատեր Ռոզա Ծառուկյանը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը: Դատելով լուսանկարից` Ռոզա Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ընդունել է անգամ թևանցուկ, ինչը որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել տնտեսական քաղաքականության քննադատության այն կոնտեքստում, որ հանրությանը մատուցում են Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն ու կուսակցական գործիչները, այդ թվում նաև` հենց Գագիկ Ծառուկյանը:
Համենայնդեպս, երևում է, որ առնվազն Ռոզա Ծառուկյանը, որպես գործարար, Հայաստանում իրեն շատ լավ է զգում, այլապես հազիվ թե Սերժ Սարգսյանին այդպես ջերմ և թևանցուկ ընդուներ: Դժգոհ գործարարը, օգտվելով առիթից, նախագահին հենց հրապարակավ ցույց կտար իր դժգոհությունն ու կխոսեր տնտեսական քաղաքականության արատների մասին: Սակայն, ըստ երևույթին, մենք գործ ունենք ոչ թե մայր և որդի Ծառուկյանների տնտեսական կամ քաղաքական հայացքների տարբերության հետ, այլ պարզապես ԲՀԿ-ի, այսպես ասած, այլընտրանք լինելու հարաբերականության հետ:
Մասնավորապես, երևի թե պատահական չէ, որ Ռոզա Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի ջերմ զրույցին հաջորդում է ԲՀԿ խմբակցության որոշումը` վերսկսել խորհրդարանական աշխատանքները` դադարեցնելով բոյկոտը, որ նախորդ քառօրյայում իրականացրին Վարդան Օսկանյանի գործի առթիվ: Այսինքն` իրականում Ռոզա Ծառուկյանը արտահայտել է այն տրամադրությունները, որ կան որդու կուսակցությունում, և այստեղ պարադոքսներ փնտրել պետք է ոչ թե տիկին Ծառուկյանի գործարար պահվածքում, այլ ԲՀԿ-ի, այսպես ասած, քաղաքական ընդդիմություն կամ այլընտրանք լինելու մասին հայտարարություններում:
ԲՀԿ-ն, ըստ երևույթին, շաբաթվա կենտ օրերին այլընտրանք է, իսկ զույգ օրերին` Սերժ Սարգսյանի բարեկամն ու ջատագովը, կամ հակառակը: Ամեն դեպքում` պետք է երևի թե պարզել, թե ինչ օր է լինելու 2013 թվականի նախագահական ընտրությունների օրը: Եվ եթե այդ օրը համադրենք ԲՀԿ-ի գործունեության այս կամ այն դրվագի հետ, ըստ երևույթին կստանանք հարցի պատասխանը, թե ինչ է անելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում: Եվ միևնույն ժամանակ` նաև պարզ կլինի, թե ինչ արեցին Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն Հայաստանի և Հայաստանի հասարակության հետ` խաղարկելով մի կոմբինացիա, որը հերթական անգամ հասարակությանը թողեց մայթեզրին` ամբողջ փողոցը տրամադրելով իշխող համակարգին:
Մյուս կողմից, սակայն, ամենևին չի բացառվում նաև, որ այստեղ մենք գործ ունենք պարզապես Ծառուկյան ընտանիքի, այսպես ասած, գործարար մտածողության հետ, ըստ որի` անհրաժեշտ է լավ հարաբերություն ունենալ դե յուրե նախագահի հետ:
Եվ այս առումով դրվագը երևի թե պարզորոշ ի ցույց է դնում նաև, թե ինչպիսի լուրջ երկվություն գոյություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում գործարարության և քաղաքականության միջև: Թեև հայաստանյան իրողություններում գործարարությունն ու քաղաքականությունը նույն հասկացություններն են, մեկը մյուսի` քաղաքականությունը գործարարության շարունակությունը:




































