Իրանի արդարադատության նախարարությունն արգելել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին այցելել Թեհրանի «Էվին» բանտ՝ պատճառաբանելով, որ դա նպատակահարմար չէ:
Ամսվա սկզբին իր օգնականներից մեկի ձերբակալությունից հետո Ահմադինեժադը բանտ այցելելու ցանկություն է հայտնել, սակայն արդարադատության նախարարության ներկայացուցիչները մերժել են նրան:
Մեկ օր առաջ հրապարակվել է նախագահի նամակը նախարարին, որով նա խնդրել էր կազմակերպել իր այցելությունը բանտ: Կիրակի օրը նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ երկրում նախագահի համար ավելի կարևոր գործեր կան, օրինակ՝ տնտեսության իրավիճակը, աճող գները, իսկ նմանօրինակ այցելությունների պատճառով կարող է սխալ տպավորություն ստեղծվել երկրի ղեկավարների մասին:
Այս դեպքը ցույց է տալիս, որ նախագահի հեղինակությունն արդարադատության մարմինների շրջանում ընկնում է: Ահմադինեժադի կառավարման ժամկետը լրանում է ութ ամսից:









































