«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի զրուցակիցն է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
– Նազենի, հեռուստատեսության դեմքերի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք: Մենք տեսնում ենք, որ հասարակական տարբեր շարժումների ընթացքում հաճախ հայտնվում են հայտնի մարդիկ, որոնք կանգնում են հասարակության պայքարի կողքին: Հետաքրքիր է՝ ապրո՞ւմ եք հասարակական շարժումների, տրամադրությունների հետ, թե ապրում եք Ձեր ստեղծած Հայաստանում: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև ցանկացած շարժում հաջողում է, եթե ճանաչված մարդիկ էլ միանում են պայքարին:
– Իհարկե շատ կուզեի ապրել միայն իմ ներաշխարհով, իմ անձով, քանի որ իմ տեսլականը կյանքի նկատմամբ շատ տարբեր է այն իրականությունից, որն ինձ շրջապատում է: Եվ հենց դա է պատճառը, որ ես ձեր նշածի առաջին մասով եմ առաջնորդվում: Այսինքն՝ փորձում եմ փոխել այն հասարակությունը, որի մասնիկն եմ կազմում, ընդ որում՝ այդ փոխվելը սկսվում է ինձնից: Չես կարող աշխատել հեռուստատեսությունում տասնմեկ և ավելի տարի և չկազմել հասարակության ակտիվ շերտերի մի մասնիկը, չես կարող չներազդել հասարակության տեսակետի վրա և չես կարող հաշվի չառնել հասարակության կարծիքը: Ով ասի, որ իր համար միևնույն է հասարակական կարծիքը, ուրեմն ստում է կամ վախենում է բարձրաձայնելուց: Ես ինձ երբևէ չեմ տարանջատում հասարակությունից, որովհետև այդ հասարակությունն էլ ես եմ և գուցե մի քիչ ուրիշ կերպ եմ մտածում շատ հարցերում, գուցե ավելի սխալ, քան պետք է, բայց պետք է ընդհանուր համագումարի գաս, որ հանգիստ ապրես:
– Ձեր շատ ընկերներ, օրինակ, ակտիվություն ցուցաբերեցին Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման հարցում: Ձեզ երբևէ չեմ տեսել նման ակցիաների, բայց կուզեի իմանալ ակցիաների, շարժումների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը:
– Ես չեմ կարող չլինել ակտիվ, բայց ակտիվություն չի նշանակում գնալ, ֆիզիկապես ներկա գտնվել: Ցավոք, մեր ասպարեզից էլ կան մարդիկ, ովքեր շահարկում են գեղեցիկ շարժումները և օգտագործում են ի նպաստ իրենց առաջխաղացման: Սա էլ է տարբերակ, բայց ես սիրում եմ ազնվորեն գործել: Եթե ես գիտեմ, որ գնամ այնտեղ, մի հարցազրույց կտամ, որը որևէ բան չի փոխի, չեմ գնա, բայց, ենթադրենք, Մարիամ Սուխուդյանի ուղարկած լինկը կարող է օգտակար լինել, ես դնում եմ ֆեյսբուքյան իմ էջում: Կամ՝ Փակ շուկայի հետ կապված հրավիրել էի Նարեկ Սարգսյանին, և տալիս էի այնպիսի հարցեր, որոնք հուզում էին ինձ առաջին հերթին որպես քաղաքացի, հետո արդեն հաղորդավար: Կան քաղաքացիական շարժումներ, որոնք կարևոր են և օդի պես անհրաժեշտ են մեզ, և ես բարձր եմ գնահատում ցանկացած բացասական երևույթի շուրջ տասը երիտասարդի ակտիվությունը: Բայց ես շատ հետևողականորեն հետևում եմ բոլոր շարժումներին և փորձում եմ հասկանալ՝ արդյոք չկա՞ն դրա ներքո այլ ուժեր, որոնք փորձում են դրանք կառավարելով՝ ինչ-որ կերպ դրանք հօգուտ իրենց քաղաքական հայացքների օգտագործել: Ես չեմ ուզում լինել օգտագործված, թեև գլոբալ առումով մենք ինչ-որ մեկի զենք ենք, դա կարող է կոչվել Հայաստան աշխարհ, հայրենասիրություն, միևնույն է, ինչ-որ բանի համար կամ հանուն աշխատում ես, բայց կարևոր է, որ չզգաս քեզ սխալ կարգավիճակում:
– Քաղաքացիական շարժումներից որո՞նք են ավելի շատ տպավորվել Ձեր մեջ, որի՞ հաղթանակն եք նաև Ձեր հաղթանակը համարում:
– Ցանկացած հաղթանակ իմ հաղթանակն է, եթե անգամ ես երկրում չեմ եղել և չեմ իմացել: Եվ եթե ես ուրախանում եմ, իսկ ես ուրախանում եմ, ուրեմն դա իմ հաղթանակն է, բայց երևի ամենաշատն իմ սրտին կպել են Թեղուտը, Թռչկանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը:
– «Հանրային» հեռուստատեսությունում տարիներ շարունակ դերակատարություն եք ունեցել, սակայն այսօր Հ1-ի ուժեղ անձնակազմն այլևս հեռուստաընկերությունում չէ, հիմնականում «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուսաընկերություններում է տեղակայվել: Դուք «Արմենիա» հեռուստաընկերությունում եք, առաջա՞րկն էր գայթակղիչ, թե՞ Ձեր ուժերը ռեալիզացնելու համար հարմար հարթակ էր:
– Իմ՝ «Արմենիա» հեռուստաընկերություն տեղափոխվելու մասին շատ տարբեր տեսակետներ հնչեցին, և ես այդպես էլ չտվեցի սպառիչ պատասխան, քանի որ, իրոք, իմ որոշումը ներանձնական էր: «Հանրայինում» իմ առաջին գործունեությունից ես «Արմենիայից» միշտ ունեցել են գայթակղիչ առաջարկներ, բայց «Հանրայինը» իմ տունն է եղել և այսօր էլ է: Այն որ ես այնտեղ չեմ աշխատում, ոչինչ չի նշանակում, ձեր նշած ուժեղ անձնակազմի տեսանելի մասը, իհարկե, դուրս է եկել, բայց կան ուղղակի նվիրյալներ, որոնք այսօր աշխատում են, բայց, ցավոք, նրանցով չի որոշվում «Հանրայինի» ամբողջ պատկերը, իհարկե կան այսօր մեծ թերություններ: «Հանրայինը» եղել է իմ տունը, որովհետև տասներկու տարի ապրել եմ այնտեղ, «Արմենիան» իմ շատ հարազատ աշխատավայրն է, բայց արդեն վերածվում է տան, որովհետև հեռուստատեսության աշխատանքը գրասենյակային աշխատանք չէ, որ աշխատես ու տուն գնաս, հանգստանաս, դու անընդհատ ապրում ես այդ միջավայրում: Իհարկե «Արմենիայում» իմ գործընկերների ներկայությունն ամրապնդեց իմ որոշումը, և ես ավելի համարձակորեն գնացի այդ քայլին: Մյուս կողմից` մորս մահից հետո կարդինալ ուզում էի փոխել ամեն ինչ, գուցե սխալ, գուցե ճիշտ, բայց հիմա հաստատ մի բան գիտեմ, որ հարյուր տոկոսով ճիշտ եմ արել:
– Վերջին տասնամյակում հեռուստատեսության վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն, որքան էլ հեռուստատեսությունն ամենամասսայական լրատվամիջոցն է շարունակում մնալ, այնուամենայնիվ, կարծիքները միանշանակ չեն: Շատերն են ասում, որ կուզենային ապրել «Հայլուրի» Հայաստանում, որ դա հասարակության հետ կապ չունեցող աշխարհ է:Ի՞նչը հեռուստատեսության անկման պատճառ հանդիսացավ:
– Սա խորքային հարց է, և ես չէ, որ պետք է դատեմ, բայց ես ունեմ իմ սուբյեկտիվ դիտարկումներն այս կապակցությամբ: Ոչ թե հեռուստատեսությունն անկում ապրեց, այլ մարդիկ, ունենալով տեղեկատվական տարբեր միջոցներ, սկսեցին տեսնել. դրանք տարբեր բաներ են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ 90-ականների վերջին, երբ հեռուստատեսությունը սկսում էր նոր-նոր զարգանալ, լավագույն պատկերը չէր: Իմ նախկին գործընկերները՝ Իզան ու Էրիկը, թուքումուր էին ստանում ամեն քայլափոխի սխալ արտաբերած բառերի համար: Եվ ինստիտուտ ընդունվելուն պես առաջին քայլն էր սովորել հայերեն: Մենք դպրոցում սովորում ենք ամեն ինչ, բացի հայերենից: Թեև տանն ապրել եմ հայերենի մեջ, քանի որ մայրս հայոց լեզվի և գրականության մասնագետ էր, և մեր տանը բոլորը խոսում էին գրական հայերենով, և թեև մայրս սխալ անելու դեպքում անընդհատ նկատողություն էր անում, ինչպես օրինակ՝ ասաց, խոսեց և այլն, բայց առ այսօր խոսելիս ես թույլ եմ տալիս հազարավոր սխալներ: Այս առումով հեռուստատեսությունը դիտարկել որպես կրթող միջոց, դժվար է, որովհետև այն պետք է լինի նաև ժամանց: Ես կողմնակից եմ իտալական այն ձևաչափին, որը ներկայացնում է ուրախ, գեղեցիկ, ապահով, անուշ, վայելուչ կյանքը, որովհետև վատը, կեղտը, սխալը մենք տեսնում ենք առանց ցույց տալու: Բացի դրանից, ինտերնետում նեգատիվն այսօր այնքան շատ է, ես ժամանակին ինձ համարում էի պոզիտիվ անձնավորություն, բայց հիմա մտնում եմ սոցիալական ցանցեր, ստանում եմ միայն նեգատիվ քննադատություն: Անընդհատ քննադատությունը չի բերում բուժում, դու անընդհատ քննադատելով, դուրս ես արտանետում, և քո մեջ ներհայեցողությամբ չես զբաղվում:
– Բայց շատ խնդիրներ լուծվում են հենց խնդիրը բարձրացնելուց:
– Խնդիրը բարձրացնել, չի նշանակում անընդհատ քննադատել: Տեսեք՝ ես բարձրաձայնեցի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի ժամանակ հանդիսատեսի հեռանալու փաստը, ընդ որում՝ հինգ րոպե էր մնացել խաղի ավարտին: Իմ մոտիվացիան այն էր, որ ֆուտբոլիստը մինչև վերջին խազը պայքարում է, ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, երբ ամենավերջին րոպեին գոլ ես խփել: Այսինքն՝ դու ի սկզբանե ունես պարտվողի հոգեբանություն, որ դուրս ես գալիս, թիկունքդ դեմ ես տալիս պայքարող ֆուտբոլիստին, ինքդ ես ընկճված և ինքդ ես նրան ընկճում, և արդյունքում հոռետեսության միջավայրն ես ձևավորում: Բացի դրանից, դու խանգարում ես ինձ և իմ 72 տարեկան հայրիկին, որը կանգնած մինչև վերջ նայել է, ծափահարություններով շնորհակալություն հայտնել, նոր գնացել ենք: Դրանից հետո ինձ ասում են՝ դա աշխարհում ընդունված պրակտիկա է, ընդունում եմ, բայց ես չեմ ուզում անենք այն, ինչ աշխարհում ընդունված է, որովհետև մյուս բոլոր հարցերում մենք այդպես չենք վարվում, ինչո՞ւ ենք այս վատ հարցում այդպես վարվում:
– Հասարակության մեջ պատկերացում կա, որ հեռուստատեսությունը մեր աշխարհից չէ, հեռուստատեսության դեմքերը մեր իրականությունից չեն, որովհետև շատ թեմաներ տեղ չեն գտնում հեռուստատեսությունում, օրինակ՝ արտագաղթի թեման, դուք ձեր շրջապատում արտագաղթող մարդիկ ունե՞ք, ի՞նչ եք ապրում այդ իրականությանը բախվելիս:
– Մասսայական արտագաղթը չի կարող չազդել որևէ մեկի վրա, և ես սարսափով հասկանում եմ մի պարզ ճշմարտություն՝ այսպիսի քանակությամբ հուսահատ արտագաղթողների պարագային մենք մի օր կմնանք անհայրենիք: Ես ունեմ շատ ընկերներ, որոնք գնում են, թեև ունեն շատ ֆինանսներ, նորմալ բիզնես, և նրանց որևէ մեկը չի խանգարում, և ոչ էլ պետական անհամաձայնություններ ունեն: Նրանք գնում են, որովհետև ուզում են գտնել շատ մեծ հեռանկարներ: Շատ պարզունակ խնդիր է: Նախկինում Հայաստանը հզոր գերտերության մասնիկ էր, մարդիկ կարող էին նստել գնացք, հայտնվել Մոսկվայում, և մարդկանց ենթագիտակցության մեջ նստած էր, որ դու հզոր ես: Այսօր, երբ ռեալ գիտակցում ես, որ համաշխարհային մասշտաբով Հայաստանը քարտեզի վրա գլոբալ չի էլ երևում, իրոք սարսափում ես, և ցանկություն է առաջանում գնալու, ավելի մասշտաբային դառնալու: Ցավն այն է, որ արտագաղթողը ոչ միայն չի հասկանում, որ իր արտագաղթով մասշտաբայնության, Հայաստան աշխարհի հարցը չի լուծվում, այլև, ընդհակառակը, խնդիրը խորանում է, իր գնալով Հայաստանը երկիրը հայաթափվում է:
– Շատերը արտագաղթը պայմանավորում են նաև ոտնահարված արժանապատվության, ամեն քայլափոխի ոտնահարված իրավունքներով: Չե՞ք բախվում այս խնդիրներին:
– Շատ եմ բախվել և շարունակում եմ բախվել, բայց մարդիկ հուսահատվում են ոչ թե խնդիրներից, որովհետև չեն գտնում լուծումներ, այլ շատերը չեն էլ փորձում գտնել լուծումներ: Ես գիտեմ շատ հայերի, որոնք ԱՄՆ-ում 10-15 տարի ապրելով հանդերձ չունեն նորմալ կեցություն, և իրենք իրենց խաբում են, բայց իրականում նորմալ չեն էլ ապրում:
– Փուչիկների պայթյունի գործը հանգուցալուծվեց, մեկ հոգու վրա այն բարդվեց: Դուք, որ այդ օրը վարում էիք համերգը և, ըստ էության, անմիջական մասնակիցն էիք, դատարանի որոշումից ի՞նչ տպավորություն ստացաք: Արդյոք իսկական մեղավորները պատժվեցի՞ն:
– Երբ խոսում եմ նեգատիվից, այնպիսի տպավորություն չեմ ուզում ստեղծել, թե ես աշխարհի ամենապոզիտիվ մարդն եմ և հիմա խոսում են նեգատիվից, բայց ո՛չ խոսքը, ո՛չ ինֆորմացիան չեն կորչում, նրանք գնում են տիեզերք, վերադառնում են և լավ մեծ ապտակով վերադարձնում են մեր ուղարկածը: Հանրապետության հրապարակում կատարվածն այն մեծ նեգատիվն էր, որ կուտակված էր: Ես՝ որպես հաղորդավար, գիտակցորեն գնացել եմ այդ կուսակցության նախընտրական քարոզարշավին, որովհետև ինձ համար կան դրույթներ, որոնք ինձ համար ընկալելի էին: Ես բեմում կանգնած տեսնում եմ՝ ինչպես է կրակը գալիս ինձ վրա, հենց այդ պահին բեմում կանգնած նայում էի ինչպես է կրակը գալիս ինձ վրա: Որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ դու և՛ խոսում ես, և՛ մտածում, որ եթե հիմա վախենամ ու փախչեմ, որը առաջին ռեակցիան է, ինչ կլինի, շատ վատ կլիներ, և ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ իմ ուղեղն ինչպես միաժամանակ երկու գծով աշխատեց, որ հանկարծ ռեակցիա չտամ, չնայած կրակը գալիս էր դեմքիս վրա: Չգիտեմ՝ դատական ընթացքն ինչպես ավարտվեց, բայց իմ կարծիքով ոչ թե մեկ, այլ շատ մարդիկ են մեղավոր: Մեկ կամ տասը մեղավորին պատժելով՝ հարցը չի լուծվում: Կան, բաներ, որոնց համար ժամանակ պետք:










































