News Corp.-ի սեփականատեր Ռուպերտ Մերդոկը կարող է ձեռք բերել ամերիկյան Los Angeles Times և Chicago Tribune թերթերը: Այդ հրատարակությունների գնման դեպքում, Մերդոկը կընդլայնի իր՝ առանց այդ էլ ընդարձակ ներկայությունը Նյու Յորքի, Չիկագոյի և Լոս Անջելեսի մեդիաշուկայում: Գործարքին խոչընդոտել կարող է հակամենաշնորհային ծառայությունը: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
Ներկայում Tribune Co.-ի գործող սեփականատերը, որին պատկանում են թերթերը, սնանկացումից հետո բիզնեսի վերակազմավորում է իրականացնում:
Tribune-ն իր մեջ ներառում է 23 հեռուստակայան, այդ թվում 9-ը ապահովում են News Corp-ի երկու ալիքների հեռարձակումը: The Los Angeles Times-ը տպագրում է Հարավային Կալիֆոռնիայի համար Wall Street Journal-ի 100 օրինակ, իսկ Tribune-ը տպագրում է Wall Street Journal-ը Չիկագոյի համար:
ԱՄՆ-ում News Corp.-ին են պատկանում Fox News ինֆորմացիոն հեռուստաալիքը, The New York Post տաբլոիդն ու The Wall Street Journal գործարար թերթը: Հակամենաշնորհային ծառայությունը կարող է խոչընդոտել Մերդոկի ցանկությունը, քանի որ ամերիկյան օրենքները թույլ չեն տալիս մեկ կառույցին նույն շուկայում ունենալ և´ թերթեր, և´ հեռուստաալիքներ: Մերդոկը Լոս Անջելեսում և Չիկագոյում ունի երկու Fox կայան:
The Los Angeles Times-ը ցանկանում են գնել նաև Լոս Անջելեսի նախկին փոխքաղաքապետ Օստին Բեթները, Orange County Register-ի և տեղական այլ փոքր թերթերի սեփականատեր Ահարոն Կուշները և ծրագրավորող Դուգ Մանչեսթերը:









































