Լիբանանյան ընդդիմությունը հայտարարել է արտահերթ ցույց Բեյրութի կենտրոնում, այնքան ժամանակ, քանի դեռ Նաջիբ Միքատի կառավարությունը հրաժարական չտա: Ինչպես նախատեսվում է` զանգվածային ապստամբության մասնակիցները կպահանջեն նաև Սիրիայի սահմանին զուգահեռ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայում և Բեյրութից սիրիական դեսպանի արտաքսում:
Երկրի վարչապետն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հերքել է ընդդիմության մեղադրանքները` կապված գեներալ ալ-Հասանի արյան պատասխանատվության հետ:
Հիշեցնենք, որ երեկ ահաբեկչական պայթյունի հետևանքով Բեյրութում զոհվել էր ներքին հետախուզության ղեկավար, գեներալ Վիսամ ալ- Հասանը: Լիբանանյան մի շարք քաղաքական գործիչներ այդ ահաբեկչության իրականացման մեջ մեղադրում են Սիրիայի իշխանություններին:
Միևնույն ժամանակ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զուաբին հրաժարվել է մեկնաբանել նրանց մեկնաբանությունները և այդ հայտարարություններն անվանել է «սև կատակերգություն»: Սիրիական կառավարության անունից նա դատապարտել է քրիստոնեական թաղամասում իրականացրած ստոր ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին:










































