Հայաստանում այս տարի հաշվառվել է 240 փողոցային մարմնավաճառ՝ նախորդ տարվա 217-ի փոխարեն: Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ և կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մարմնավաճառների մոտ 20 տոկոսը 18-25 տարեկան են, 45 տոկոսը՝ 25-30 տարեկան, 3 տոկոսը՝ 45-ից բարձր, մնացածը՝ 35-45 տարեկան:
Արա Սրապյանի խոսքով՝ ոստիկանների կողմից առաջին անգամ բերման ենթարկված մարմնավաճառները տուգանվում են 20 հազար, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ բերման ենթարկվածները՝ 40 հազար դրամով: Անդրադառնալով այն հարցին, թե որքան են մարմնավաճառները գնահատում իրենց ծառայությունները, բանախոսը նշեց. «Սկսած 1000 դրամից մինչև 1000 դոլար»:
Մարմնավաճառներից 60 տոկոսի մոտ հայտնաբերվել են սեռավարակներ: Այս տվյալները ներկայացրեց մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանը՝ նշելով, որ վերջին տարիներին մարմնավաճառներն ավելի շատ են պահպանակ օգտագործում: Եթե մինչև այս տարվա հոկտեմբերը բերման ենթարկված մարմնավաճառները պետպատվերի շրջանակներում էին բուժզննման ենթարկվում, ապա հոկտեմբերի 1-ից արդեն նրանք են վճարում:









































