Եվրոպական առաջատար առաջնություններում շարունակվում է 2012/13թթ. մրցաշրջանը: Այս week end-ին կկայանան հերթական տուրերը:
Ա Սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա «Յուվենթուս Արենա» մարզադաշտում: Միմյանց հետ ուժերը կչափեն առաջատարները՝ «Յուվե»-ն ու «Նապոլի»-ն, որոնք 7 տուրերից հետո վաստակած 19-ական միավորով կիսում են առաջին հորիզոնականը: «Ծեր Սինյորայի»՝ Ա սերիայում անպարտելի խաղերի սերիան կազմում է 46 խաղ (29 հաղթանակ, 17 ոչ-ոքի), որը ռեկորդ է ակումբի պատմության մեջ: Վերջին անգամ թիմն Ա սերիայում պարտվել է 2011թ. մայիսին՝ «Պարմա»-ին (0:1):
Ընթացիկ մրցաշրջանում «Յուվե»-ն արդեն առավելության հասել է նեապոլյան ակումբի նկատմամբ՝ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում հաղթելով 4:2 հաշվով: Այդ խաղի գլխավոր մրցավար Պաոլո Մացոլենին ֆուտբոլիստներին ցույց տվեց 9 դեղին և 2 կարմիր քարտ: Սեփական հարկի տակ կայացած խաղերում «Յուվե»-ի ֆուտբոլիստները վերջին անգամ չեն կարողացել «Նապոլի»-ի դարպասը գրավել 1982թ. (0:0):
8-րդ տուրում կմրցեն նաև «Լացիո»-ն ու «Միլան»-ը: Հռոմեական ակումբը «ռոսսոներիներին» չի կարողանում սեփական հարկի տակ պարտության մատնել արդեն 14 տարի: «Միլան»-ի վերջին 4 գոլերը հեղինակել է Ստեֆան Էլ-Շարավին: Խաղադաշտ դուրս գալու դեպքում Քրիստիան Բրոկին կանցկացնի իր 400-րդ խաղն Իտալիայի Ա սերիայում, իսկ Տոմազո Ռոկին կարող է իր 100-րդ գոլը խփել: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները՝ «Կալյարի» – «Բոլոնիա», «Ատալանտա» – «Սիենա», «Կիևո» – «Ֆիորենտինո», «Ինտեր» – «Կատանիա», «Պալերմո» – «Տորինո», «Պարմա» – «Սամպդորիա», «Ուդինեզե» – «Պեսկարա», «Ջենոա» – «Ռոմա»:







































