«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցներն այսօր բողոքի երթ էին կազմակերպել Հյուսիսային պողոտայից դեպի Գլխավոր դատախազության շենք: Նրանց պահանջը մեկն է ՝ դադարեցնել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ճնշումները:
«Գտնում ենք, որ այդ ճնշումներն ունեն բացառապես քաղաքական հետևանքներ և չունեն իրավական հիմնավորում»,- ասում են «Սիվիլիթաս»-ի աշխատակիցները:
Գլխավոր դատախազության շենքի մոտ նրանք հրապարակեցին ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի անցկացված ստորագրահավաքի արդյունքները: Երկու շաբաթվա ընթացքում Սփյուռքից և Հայաստանից ստորագրահավաքին միացել է 13 057 մարդ:
Ակցիայի մասնակիցներն առաջարկեցին, որպեսզի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կամ դատախազությունից որևէ մեկը իջնի և իրենց պարզաբանումներ տա: Սակայն քիչ անց տեղեկացվեց, որ դատախազությունից ոչ ոք չի հանդիպելու «Սիվիլիթաս»-ի աշխատակիցներին: Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին դատախազությանը, որով պահանջում են դադարեցնել Օսկանյանի նկատմամբ հետապնդումները:







































