Լեգենդար The Rolling Stones խմբի երաժիշտները չեն բացառում, որ համույթը հաջորդ տարի կարող է կատարել համաշխարհային շրջագայություն: Այս մասին հայտարարել է խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը «Խաչաձև կրակի փոթորիկը» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ նվիրված բրիտանական հայտնի ռոք խմբի 50-ամյակին:
«Ես դեռ չգիտեմ: Հաջորդ տարի՞: Ես դեմ չէի լինի»,- նկատել է Ռիչարդսը SkyNews հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ The Rolling Stones-ը կարող է գլխավորել 2013թ. Գլասթոնբերրիի հայտնի փառատոնը:
«Մենք անում ենք միայն այն, ինչ սիրում ենք, գուցե դրանում է գաղտնիքը»,- ասել է նա:
«Այն բանից հետո, երբ անիվը սկսկեց պտտվել, չեմ կարծում, թե այն հնարավոր է կասեցնել: Ես չեմ կարող հավատալ, թե որքան հրաշալի է խումը նվագում: Դուք կարող եք մտածել, թե որքան ձանձրալի է նույն բանն անել կրկին ու կրկին, սակայն դա այդպես չէ: Ամեն անգամ դա կարծես օդի նոր թարմ կում լինի, ամեն ինչ նոր է»,- Ռիչարդսի խոսքերը շարունակել է խմբի մեկ այլ անդամ՝ կիթառահար Ռոննի Վուդը՝ հավելելով, թե ամեն անգամ, երբ խմբի անդամները հավաքվում են, տեղի է ունենում լիակատար փոխըմբռնում, դա ինչ-որ կախարդանք է:
Խմբի վոկալիստ Միք Ջագերը նույնպես ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում բեմ վերադարձին:
«Մենք ջանասիրաբար փորձեր ենք կատարում վերջին մի քանի շաբաթներին»,- ասել է երգիչը:
Մինչ այդ, Մեծ Բրիտանիայում աճում է դժգոհությունը ռոք խմբի երկրպագուների շրաջանում՝ կապված տոմսերի չափազանց թանկ լինելու հանգամանքի հետ, որոնց գինն արդեն գերազանցել է 21 հազար դոլարը:
Ավելի վաղ երաժիշտները հայտարարել են, որ երկու հոբելյանական համերգով հանդես կգան Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:
Լոնդոնում խումբը ելույթ կունենա О2 համերգային համալիրում նոյեմբերի 25-ին ու 29-ին, իսկ ԱՄՆ-ում՝ Նյուարքի Prudential Center-ում դեկտեմբերի 13-ին ու 15-ին:








































