Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում ձերբակալվել են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ: Վերջիններս Իբրահիմ Ալ-Հալիլ մաքսային անցակետում մուտքի վիզա էին ստացել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից և փորձել են Իրաքի տարածքով գնալ Սաուդյան Արաբիա՝ հաջի (ուխտագնացություն) ժամանակ ժամանակավոր աշխատանք գտնելու համար:
Սակայն Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են նրանց: Այս մասին հայտարարել է Բաղդադում Թուրքիայի դեսպանատունը: Բաղդադի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք 14 ավտոբուսներից բաղկացած թուրքական քարավանը կանգնեցրել են այն պատճառով, որ Թուրքիայի քաղաքացիները նախապես մուտքի վիզա չեն ստացել Իրաքի կենտրոնական իշխանություններից:
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիները գտնվում են անվտանգ վայրում, և իրաքյան ոստիկանությունը սպասում է իր կառավարության որոշմանը: Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ձերբակալվել է 1200 թուրք:









































