Գիտության եկեղեցու (Church of Scientology) հիմնադրի ծոռը՝ Ջեյմի Դե Վուլֆը, բրիտանական The Sun թերթին տված հարցազրույցում ուղիղ տեքստով հայտարարել է. «Իմ նախապապը խարդախների թագավորն է եղել, խաբեբա, ով ստեղծել է հսկայական մի համակարգ, որը մեծացել է ձնագնդի պես»:
Այս մասին գրում է շվեյցարական Tagesanzeiger-ը: Դե Վուլֆի խոսքերով` Հաբարդը եղել է չափազանց խելացի, տաղանդավոր հռետոր և մեծ խարիզմա է ունեցել:
«Ես կուզենայի, որ իմ նախապապը այլ հանցագործ լիներ, բայց ընտանիքը չեն ընտրում»,- հավելել է նա:
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո Դե Վուլֆը հայտնվել է մշտական ուշադրության կենտրոնում և ենթարկվել է հարձակումների: Պարբերականը, սակայն, գրում է, որ նա չպետք է վախենա դատական հետապնդումից, քանի որ Հաբարդների ընտանիքի դեմ դատական գործընթացը կգրավի համայն աշխարհի ուշադրությունը: Սայենթոլոգները նախընտրում են հայտարարել, որ Դե Վուլֆի հասցեին բոլոր մեղադրանքները կեղծ են:
Պարբերականը հաղորդում է, որ աղանդի վարկանիշին լուրջ հարված է հասցրել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի ամուսնալուծությունը: Նիկոլ Քիդմանի խոսքերով` Քեթին արդեն երկրորդ կինն է, որ չի կարողանում հանդուրժել ամուսնու տանը տիրող աղանդավորական մթնոլորտը: Մինչդեռ սայենթոլոգները պնդում են, որ կարող են օգնել հարաբերություններում ծագած յուրաքանչյուր խնդրի դեպքում:
Ասում են նաև, որ ինքը դերասանն էլ է սկսել կասկածել սայենթոլոգիայի համակարգի իրավացիությանը: Ըստ պարբերականի` նրա հեռանալը աղանդի համար աղետ կլիներ, այդ պատճառով հարկ է կասկածել, որ Քրուզը կարող է լքել այն: Vanity Fair ամսագիրը գրում է`աղանդը շատ ինտիմ մանրամասներ գիտի դերասանի կյանքից, քանի որ բոլոր զրույցներն ու սեանսները նկարահանվել են գաղտնի տեսախցիկներով, և դա կարող է փլուզել նրա կարիերան:
Բացի այդ, Vanity Fair-ը պնդում է, որ 2005թ. սայենթոլոգները կազմակերպել էին գրավիչ սևահերների քասթինգ, սակայն ընտրյալը ոչ թե նկարահանվելու էր ֆիլմում, այլ լինելու էր Քրուզի զուգընկերուհին: Սակայն կազմակերպությունը հերքել է լուրը` հայտարարելով, որ այն ոչ մի հիմք չունի:








































