ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն ու Իգոր Պոպովը խորապես մտահոգված են մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ և հետո հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հրադադարի խախտման կապակցությամբ:
«Նման անիմաստ գործողությունները, եթե դրանք հաստատվեն, կհակասեն ուժի կիրառումից զերծ մնալու և ղարաբաղյան հակամարտությանը ձգտելու` կողմերի հանձնառությանը», համանախագահների տարածած հայտարարությունը մեջբերում է Ազատություն ռադիոկայանը:
Համանախագահները խնդրել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել` բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչպես համաձայնեցվել է նախագահների Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում:
Համանախագահները հաջորդ շաբաթ մեկնելու են տարածաշրջան` հետաքննության անցկացման հարցում կողմերին կոչ անելու համար:
Համանախագահները նաև խստորեն դատապարտում են մարդկային ցանկացած կյանքի կորուստ և հորդորում կողմերին «Լինել զուսպ. հարգել 1994-ի հրադադարը և կատարել 2010-ի հոկտեմբերին ու այս տարվա մարտի 5-ին Սոչիում ընդունված պարտավորությունները»: