ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատրաստվում են բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Ակնկալվում է, որ բարձր մակարդակով բանակցությունները կսկսվեն 2013 թ. գարնանը, իսկ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2014 թ. կեսերին,- գրում է «Կոմերսանտը»:
Նման գոտի ստեղծելու հեռանկարների մասին զեկույցը պետք է 2012 թ. վերջին պատրաստի փորձագետների խումբը՝ եվրահանձնակատար Քարել դե Գյուխտի և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոն Քիրքի ղեկավարությամբ:
Նման նախաձեռնության մասին առաջինը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռ 2006 թ.: Նա նշել էր, որ այդ քայլը երկու կողմերի համար էլ շահավետ է: Սակայն այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկվեցին, մինչև որ համաշխարհային տնտեսությունը սկսեց անկում ապրել տնտեսական ճգնաժամի պատճառով: Փորձագետները ենթադրում են, որ այդպիսի գոտու ստեղծումը հնարավորություն կտա տնտեսական աճ խթանել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում:
Փորձագետների կանխատեսումներով՝ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել փոխադարձ առևտրի ծավալները առնվազն 120 մլրդ դոլարով, ինչպես նաև ավելացնել տնտեսական աճի տեմպերը 0.3-0.7 տոկոսով:








































