Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին:
Ողջունելով սենատորին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում պարոն Պիրասին ճանաչում են որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամի, ով իր քաղաքական գործունեության ընթացքում, թե՛ որպես սենատոր, թե՛ որպես պատգամավորական բարեկամության խմբի նախագահ և թե՛ որպես Բուր-լե-Վալանսի քաղաքապետ մեծ ներդրում է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: «Դուք միշտ Ֆրանսիայի մեր հայրենակիցների և Հայաստանի կողքին եք եղել մեզ համար կարևորագույն հարցերում և մեծ ներդրում ունեք Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման գործընթացում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Բարձր գնահատելով հայ -ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը` խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի էլ ավելի զարգացումը և ամրապնդումը` այս հարցում կարևոր դերակատարություն վերապահելով բարեկամական խմբերին: Երկկողմ կապերի սերտացման առումով` ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործակցությունը և այս ուղղությամբ կատարված կարևոր քայլ համարեց Բուր-լե-Վալանսի և Թալինի քաղաքների միջև առկա ջերմ հարաբերությունները և համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Պիրասը նույնպես կարևորել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը և խորացումը և նշել, որ իր այցի նպատակն է առավել ամրապնդել միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև Բուր-լե-Վալանս-Թալին փոխգործակցությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ միջոցների կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև սաֆարովյան գործին: ՀՀ ԱԺ նախագահը խստորեն դատապարտելով հունգարաադրբեջանական գործարքը և նշելով, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին` համոզմունք հայտնեց, որ պետք է համարժեք արձագանք տրվի նաև երևույթին և կոնկրետ քայլեր իրականացվեն, որպեսզի այն նախադեպ չդառնա: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացությունը, ինչը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, որը հերոսացնում է մարդասպան սաֆարովներին: Բեռնար Պիրասը տեղեկացրել է, որ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ իրեն էր հանձնարարվել նախապատրաստել զեկույց Հունգարիայի գործողությունների վերաբերյալ: Ֆրանսիացի սենատորը իր զեկույցը վերնագրել է «Հունգարիան ազատության, մարդու իրավունքների և եվրոպական արժեքների դիֆիցիտ ունի»: Նա նաև նամակ է ուղարկել նաև Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:








































