Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն տեղեկությունները, թե իր տեղակալներից Արտաշես Բեյբությանին բոլորովին վերջերս աշխատանքի ազատել է «ՍԱՍ Գրուպ»-ում կատարված ստուգումների արդյունքում: Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Բեյբությանը ՍԱՍ-ի բաժնետերերից մեկն է, և նրա ազատումը կապված է ՍԱՍ սուպերմարկետների ցանցում կատարված ստուգումների հետ, որոնց արդյունքում հարկային չարաշահումներ են հայտնաբերվել:
«Ոչ, «ՍԱՍ Գրուպ»-ի հետ որևէ կապ չունի, մենք կադրային փոփոխություններն անում ենք՝ առանց հաշվի առնելու այլ հանգամանքներ: Ազատումը փոփոխությունների կատարում է , որպեսզի ավելի նոր, ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրեր լինեն»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ ՊԵԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել ֆինանսների նախարարության պաշտոնյաներից մեկը:
Հարցին, թե, այնուամենայնիվ, «ՍԱՍ Գրուպ»-ում խախտումներ հայտնաբերվել էին, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բոլոր ձեռնարկություններում խախտումներ արձանագրվել են»:







































