Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դատական իշխանության ղեկավար, այաթոլլահ Սադեկ Ամոլի Լարիջանին հայտարարել է, որ Իրանում երբեք մահապատժի չեն ենթարկել քաղաքական դրդապատճառներով: Իր այս հայտարարությամբ Լարիջանին հերքել է ՄԱԿ-ի՝ Իրանում մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցիչ Ահմեդ Շահիդի վերջին հաշվետվությունը:
Լարիջանին հավելել է, որ Իրանում մահապատժի են ենթարկվել այն անձինք, ովքեր մեղադրվել են թմրանյութերի մաքսանենգության, սպանության ու բռնաբարության մեջ. «Մահվան դատավճիռները կանոնակարգող մի շարք օրենքներ բնորոշ են ոչ միայն Իրանին, այլև՝ ողջ իսլամական աշխարհին: Իսլամական աշխարհը չպետք է լռի իրանական օրենսդրության վրա կատարված այդօրինակ հարձակումների համար:
Անգամ ԱՄՆ-ում գոյություն ունի մահապատիժը: Ամերիկյան զինվորական կոնտինգենտը զանգվածային սպանություններ է իրականացրել Աֆղանստանի բնակչության շրջանում: Արևմտյան երկրները բարոյական իրավունք չունեն դատապարտելու Իրանին՝ պետությանը մեծ վնաս պատճառող թմրանյութերի մաքսանենգներին մահվան դատապարտելու համար»:









































