«Զվարթնոցը» վերսկսել է «Արմավիա»-ի սպասարկումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Այսօր «Արմավիա»-ն կուտակված պարտքից փոխանցել է 90 միլիոն դրամ: Օդանավակայանը հիմա վերսկսում է «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը մինչև վաղը՝ հոկտեմբերի 18-ը, ժամը 11:15-ը, երբ պարզ կլինի՝ հերթական փոխանցումը կանե՞ն, թե՞ ոչ: Եթե փոխանցումն անեն՝ 512 չվերթը կսպասարկենք, եթե ոչ՝ ոչ»,- ասաց Գ. Աբրահամյանը՝ հավելելով, որ պարտքի չափը գրեթե 1 մլն դոլարով գերազանցել է այս տարվա մարտին համաձայնեցված գումարը, իսկ ընդհանուր պարտքը հասնում է 3 մլն 360 հազար դոլարի:
Մեկնաբանելով տարածված լուրերը, թե «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը դուր չի եկել «Արմավիա»-ի՝ նոր բաժնետեր ունենալու հանգամանքը, Գ. Աբրահամյանը նշեց. «Մենք շատ կուզենայինք իմանալ, թե ո՞վ է «Արմավիա»-ի նոր բաժնետերը և կա՞ արդյոք»:
Հարցին, թե նոր բաժնետիրոջ առկայության հնարավորությունը որևէ կերպ կազդի՞ «Զվարթնոց»-ի վերաբերմունքի վրա, Աբրահամյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»:









































