Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում՝ Նոր կյանք գյուղի տարածքում, Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի բնակիչ, 34 ամյա Գրիգոր Գրիգորյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի՝ 06 ՕՕ 878 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորներին, և 50 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, Գ. Գրիգորյանն ու ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչներ, 21 ամյա Ջիվան Գևորգյանը և 21 ամյա Զոհրաբ Սերոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն, որտեղից էլ Գյումրիի՝ Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Իսկ մյուս ուղևոր, 27 ամյա Վահե Ադամյանը, ով ավտոմեքենայից դուրս էր շպրտվել, տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Ռուդիկ Մխիթարյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցից shamshyan.com-ին հայտնել են, որ վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուս երկուսը միջին ծանրության:
Վթարի պատճառը եղել է նաև այն, որ նշված ճանապարհին բացակայում էր արտաքին ցուցանակները և թելադրող նշանները, Ճանապարհին բացակույմ էր երկաթյա արգելապատնեշները, և անդրադարձիչները (ֆոսֆորապատ), իսկ եթե այդ ամենը լիներ, վարորդը կկողմնորոշվեր, ու տեղի չէր ունենա ողբերգական ավտովթարը:









































