Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության եվրահանձնակատար Ջոն Դալին երեքշաբթի օրը հրաժարական է տվել՝ խարդախության և կաշառակերության մեջ մեղադրվելու պատճառով։ Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
2012 թ. մայիսին ծխախոտի արտադրությամբ զբաղվող Swedish Match ընկերությունը Եվրահանձնաժողով բողոք է ներկայացրել, որով հաղորդել է, որ մալթացի գործարարներից մեկն, օգտվելով Դալիի հետ իր անձնական կապերից, ցանկացել է ընկերությունից ստանալ ֆինանսական առավելություններ՝ փոխարենը խոստանալով, որ ծխախոտի արտադրությանը վերաբերող օրենքներում փոփոխություններ մտցնելու առաջարկությունները հավանության կարժանանան:
Նախնական ստուգումը ցույց է տվել, որ Դալին չի մասնակցել որևէ խարդախ գործարքի: Դրա հետ մեկտեղ նա տեղյակ է եղել Swedish Match-ի շուրջ ստեղծված իրավիճակից: Համացանցային լրատվամիջոցները հաղորդում են, որ, այնուամենայնիվ, Դալին որոշել է հրաժարական տալ, որպեսզի պաշտպանի իր հեղինակությունը:









































