Ադրբեջանի և Իրանի միջև ծագած գաղափարական պատերազմի համար սեպտեմբերի վերջին Կալիֆոռնիայից օդանավով նոր զենք է ժամանել Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
«Դրա հետ միասին ժամանել են մասնավոր թիկնապահներ, հիասքանչ տեխնիկա և զգեստապահարան, որը մեծամասամբ կազմված է փայլերից»,- ընդգծում է պարբերականի թղթակից Ջոբի Ուորքը:
Պարզվում է «զենքը» երգչուհի Ջենիֆեր Լոպեսն է, ով ելույթ է ունեցել Կասպից ծովի ափին` մոտ 30 հազար հանդիսատեսի համար:
«Զգացվում էր, թե ինչպես են իրանցիները վրդովվում: Նման բաները նրանց կատաղեցնում են»,- ասել է ադրբեջանցի մի պաշտոնյա, ով չի ցանկացել ներկայանալ:
Ադրբեջանն Իրանի հարևանն ու հինավուրց հակառակորդն է: Վերջին ժամանակներս այն ավելի ու ավելի է տարվում իր աշխարհիկ արևմտամետ և հակաիրանական գործողություններով:
Թերթը գրում է, որ այն ժամանակ, երբ մեծանում է Իրանի մեկուսացումը և խորանում են նրա տնտեսական խնդիրները, հյուսիսային հարևանը նպատակասլաց կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում։ Իրանը բռնաճնշումների պետություն է, իսկ Ադրբեջանում սոցիալական և կրոնական համերաշխություն է: Դրան զուգահեռ` Ադրբեջանն ակտիվորեն բարելավում է դիվանագիտական և գործնական հարաբերություններն Իսրայելի հետ:
Իհարկե, Ադրբեջանը պնդում է, որ վերոնշյալ քաղաքականությունը կապ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանի հետ հարաբերությունները հիմնականում բարիդրացիական են:
«Բայց ամեն անգամ արևմտյան աստղերի ժամանումը Ադրբեջան թուլացնում է իրանական կառավարության լեգիտիմությունը և դժգոհություններ է առաջացնում հասարակ իրանցիների շրջանում»,- նշում է թերթը:
«Ադրբեջանը իդեալական երկիր չէ»,– ընդունում է թերթը: Իշխանական մարմիններում գերակշռում է մեկ քաղաքական կուսակցություն, անկախ կազմակերպությունները հաճախ քննադատում են երկրին մարդու իրավունքների խախտման և կաշառակերության համար: Դրան գումարած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սակայն արևմտյան ղեկավարներից շատերին Ադրբեջանը գրավում է, չնայած որ նրան շուտափույթ բարենորոգումների կոչեր են անում:
Լոպեսի, Ռիհաննայի և Շակիրայի համերգները ուշադրություն են հրավիրում Բաքվում այս տարի կայանալիք աշխարհի կանանց ֆուտբոլի երիտասարդական հավաքականների առաջնության վրա: Այսպես Ադրբեջանը իրեն դիտարկում է որպես առաջադիմական երկիր, որտեղ ողջունում են կանանց զբաղվելը սպորտով և արվեստով:
Պարբերականը գտնում է Իրանի և Ադրբեջանի ավելի մեծ տարբերություններ: Եթե Բաքվում երիտասարդ զույգերը կարողանում են փողոցում միմյանց ձեռք բռնել կամ էլ գրկախառնվում են, ապա Թեհրանում դա արգելված է օրենքով:
«Բաքվին հաջողվել է կանխել կրոնական ծայրահեղականության առաջացումը, թեև հանուն դրա կրճատվել են քաղաքական ազատությունները»,- ասվում է հոդվածում:









































