Եթե պետություններն ավելացնեն ջանքերը սովի դեմ պայքարում, ապա սովյալների թիվը կրկնակի կրճատելու՝ հազարամյակի զարգացման նպատակին կարելի է հասնել 2015 թ.: Այս մասին հայտարարել է Պարենամթերային և գյուղատնտեսական կազմակերպության տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան Համաշխարհային պարենամթերային անվտանգության կոմիտեում իր ելույթում:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Դա Սիլվան ուշադրություն է հրավիրել սովի դեմ պայքարի կարևոր առաջընթացի վրա: 1990 թվից աշխարհում սովյալների բանակը կրճատվել է 132 մլն-ով: Այդ ընթացքում զարգացող երկրներում սովյալների թիվը 23.2%-ից կրճատվել է մինչև 14.9%:
ՄԱԿ-ի գերատեսչության ղեկավարն անհանգստություն է հայտնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ շուրջ 870 մլն մարդ այս պահին տառապում է սովից՝ նշելով, որ 2007 թ. սովյալների թվի նվազումը դադարեցվել է:
Նիստի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեսաուղարձով կոչ է արել մասնակիցներին վճռական քայլեր ձեռնարկել սովն արմատախիլ անելու ուղղությամբ: Նա հիշեցրել է «Զրոյական սով» նախաձեռնության մասին, որը նախատեսում էր լուծում տալ 5 հիմնական հարցերի. յուրաքանչյուր մարդ պետք է բավարար չափով պարենամթերք ունենա՝ հարուստ սնուցող բաղադրիչներով, հղիները և երեխաները չպետք է տառապեն թերսնմամբ, աշխարհում բոլոր ագրոարդյունաբերական համակարգերը պետք է լինեն կայուն, մանր ֆերմերների համար հնարավորությունները պետք է ընդլայնվեն, հետարտադրական արդյունաբերական կորրուստները պետք է նվազեցվեն:









































