«Հայ ազգային կոնգրեսը չի կարող չառաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը երևի թե ավելի շատ վկայում է այն մասին, որ ՀԱԿ-ը կարող է և չառաջադրել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման կտրուկ և միանշանակ գնահատականով:
Նա, իհարկե, մտավախություն չունի, որ Տեր-Պետրոսյանի փոխարեն կարող է առաջադրվել Լևոն Զուրաբյանը, ում հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունը այնքան էլ հարթ չէ:
Խնդիրը այլ հնարավոր թեկնածուի հանդեպ Փաշինյանի խանդի մեջ չէ: Խնդիրը այլ վտանգի մեջ է: ՀԱԿ-ը կարող է սեփական թեկնածու ընդհանրապես չառաջադրել և սատարել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուին: Սա է երևի թե Նիկոլ Փաշինյանի համար ամենամտահոգիչը, քանի որ այդ դեպքում նա կարող է հայտնվել ոչ միայն խաղից դուրս, այլ նաև ՀԱԿ-ից դուրս վիճակում: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնա, քան պարզապես կա՛մ դուրս գալ ՀԱԿ ղեկավարության դեմ և ներքին պայքար սկսել, կա՛մ էլ պարզապես դուրս գալ ՀԱԿ-ից և սկսել նոր շարժում:
Թե ինչքանով կհաջողվի այդ նոր շարժումը` պարզ չէ: Միայն անկասկած է, որ այդ շարժումը կհայտնվի ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հրետակոծության ներքո: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի չափազանց աննպաստ վիճակում` քաղաքական դաշնակիցների որոնման անհրաժեշտության առաջ:
Սակայն այս հեռանկարները, իհարկե, շատ տեսական են, համենայնդեպս` քանի դեռ չի հանգուցալուծվել առաջադրումների խնդիրը Կոնգրեսի համար: Սակայն պետք է նկատել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը Կոնգրեսին ըստ էության ավելի ու ավելի է անկյուն քշում և մարգինալացնում: ԲՀԿ-ն Կոնգրեսին այլ ելք չի թողնում, քան իր թեկնածուին պաշտպանելը: Այսինքն` նույնիսկ չառաջադրվելու տարբերակ չի թողնում, երբ ՀԱԿ-ը կարող է չառաջադրվել և չմասնակցել խաղին:
ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ստիպում է խաղալ իր համար, և առայժմ Կոնգրեսը չի կարողանում չխաղալ այդ խաղը: Բայց որքան խաղը շարունակվում է, այնքան Կոնգրեսում ավելանում է մարդկանց և խմբերի թիվը, ովքեր խաղի մեջ արդեն ոչ միայն ընդհանուր քաղաքական և թիմային, այլև արդեն պարզապես անձնական վտանգ են զգում այդ խաղից: Իսկ անձնական վտանգը արդեն այլ է և ստիպում է դուրս գալ խաղի դեմ կամ, համենայնդեպս, առավել խստացնել ու հստակեցնել նախազգուշացումները:
Այլ կերպ ասած` ՀԱԿ-ը ոչ թե նախագահական ընտրություններին, այլ ներքին մի պայթյունի է մոտենում, ինչը անխուսափելի էր այն կառուցվածքի և այն դրվածքի պայմաններում, որ ի սկզբանե կար Հայ ազգային կոնգրեսում, որտեղ, այսպես ասած, ներքին դեմոկրատական մեխանիզմները ընդամենը կրում էին ձևական բնույթ:
Այս զարգացումը երևի թե նպաստավոր է և՛ ընդհանուր հասարակական-քաղաքական դաշտի, և՛ Կոնգրեսում գտնվող քաղաքականապես առողջ շերտերի համար, քանի որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական օրգան, հայտնվել է որևէ կառուցողական տրամաբանությունից դուրս և ավելացրել թե՛ ընդհանուր դաշտի դեստրուկցիան` հօգուտ իշխող համակարգի, և թե՛, ըստ էության, ճահճի մեջ գցել այդ առողջ շերտերին:









































