«Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն ուղարկել է Air Armenia բեռնափոխադրող ավիաընկերության օդանավով այսօր առավոտյան` ժամը 11:15-ին: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը, իրենց համար բոլորովին անակնկալ չէր, որ օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում, քանի որ դա նախապես համաձայնեցված էր: Ըստ Լ.Գալստյանի՝ օդանավն ուղևորվում է պատերազմական երկիր, այն էլ մի պետության տարածքով, որի հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ և, բնական է, որ այն պետք է ստուգվի:
«Սենսացիա սարքել պետք չի, հարկադիր վայրէջքի մասին խոսք լինել չի կարող: Օդանավը Էրզրումում վայրէջք է կատարել ինչպես պլանավորվել էր և հարկադիր վայրէջքի մասին տարածված լուրերը կեղծ են: Վստահ ենք, որ օդանավը հաջողությամբ կանցնի զննումը, որից հետո կշարունակի թռիչքը և հաջողությամբ վայրէջք կկատարի Հալեպում»,- ասաց Լ. Գալստյանը:
Երևան-Էրզրում-Հալեպ թռչող օդանավի բեռը կազմում է 14 տոննա. յուրաքանչյուրը 10 կիլոգրամ տարողությամբ` 14 հազար տուփ սնունդ և դեղորայք: Լ. Գալստյանի խոսքով, արդեն հավաքվել է մոտ 40 տոննա մարդասիրական օգնություն, խմբաքանակի հավաքումը շարունակվում է, և Երևան-Էրզրում-Հալեպ թռիչքները շարունակական կլինեն:








































