«Օսկանյանի ելույթից հուզվել եմ, բայց քվեարկել եմ, որ գործի ՀՀ օրենքը». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՄԻԱԿ-ի քարտուղար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումներ շուրջ:
Մասնավորապես, խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շուրջ՝ նա ասաց, որ կուսակցությունների մասին կարող է խոսել դիտորդի կարգավիճակով, քանի որ ՄԻԱԿ ներկայացուցիչ է: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն երկու առանձին քաղաքական ուժեր են, ինչ-որ մի հատվածում կազմել են կոալիցիա, իսկ ներկայումս ԲՀԿ-ն համարում է, որ այլընտրանք պետք է ներկայացնի:
«Հարգում եմ ԲՀԿ դիրքորոշումը. սատար կանգնելով իրենց կուսակից Վարդան Օսկանյանին՝ լքեցին դահլիճը, թեև կար բյուջեի կատարողականի կարևոր քննարկումը: Հետաքրքիր կլիներ նրանց մոտեցումները, ձևակերպումները լսել և հասկանալ՝ արդյոք դե՞մ են քվեարկելու, թե՞ ոչ»,- իր կարծիքը հայտնեց պատգամավորը:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ քննարկումներին՝ նա հստակեցրեց իր ելույթի շեշտադրումները՝ ասելով, որ դրանք Օսկանյանի անձին չեն վերաբերել, որովհետև նրան շատ է հարգում: Նաիրա Կարապետյանն ասաց, որ Վարդան Օսկանյանի գործում որևէ քաղաքական նրբերանգ չի տեսնում և ևս մեկ անգամ ուզում է շեշտել, որ անձեռնմխելիությունից զրկելը ենթադրում է ավելի կոշտ գործողություններ, սակայն ԱԺ-ն հնարավորություն է տվել նրան գործում ընդգրկել որպես մեղադրյալ:
«Նա շարունակում է իր գործունեությունը, որպես պատգամավոր: Որպես մեղադրյալ հնարավորություն է ունենում ունենալ փաստաբաններ, ծանոթանալ մանրամասն գործի նյութերին։ Մենք բոլորս սպասում ենք, որ նա ցուցմունք կտա և կապացուցի, որ ինքն անմեղ է: Զրկելով անձեռնխելիությունից՝ մենք ճանապարհ ենք տվել արդարադատությանը գործն առաջ տանելու»,- պարզաբանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ շարունակելով, որ ուշադիր լսել է և՛ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը, և՛ Օսկանյանի ելույթը, հնարավորություն է ունեցել հարցեր ուղղելու, ուստին կարող է ասել, որ Օսկանյանի ելույթից հուզվել է, սակայն քվեարկությունը կատարել է, որ ՀՀ օրենքը գործի:
Հարցին՝ ի՞նչ էր նշանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձկան մեծ գլուխը բռնելու խոսքը, Ն. Կարապետյանը պատասխանեց, թե հասկանում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել:
«Ես արդարադատության ներկայացոցիչ չեմ, չեմ կարող դատել մարդկանց, ես տեսնում եմ դեպքեր, որոնք խոշոր արձագանք են ձեռք բերել: Նույն Խաչիկյանի դեպքը անընդունելի եմ համարում՝ անկախ կուսակցական պատկանելությունից, օրենքի առջև բոլորը հավասար են, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրությունը»,- իր տեսակետը հայտնեց երիտասարդ պատգամավորը:







































