Լիզա Մարիա Փրեսլին՝ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը, թողարկել է իր երրորդ՝ Storm and Grace անվանումով ալբոմը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Նոր ալբոմը հավանության է արժանացել քննադատների կողմից: «Լիզա Մարիան ծնվել է, որպեսզի ձայնագրի այդ ալբոմը»,- ասում են նրանք:
Storm and Grace-ն արդեն հաջորդ շաբաթ կվաճառվի Մեծ Բրիտանիայում, որտեղ նա ապրում է իր ընտանիքով:
Ալբոմի նախօրեին Լիզա Մարիան ու նրա մայրը՝ Պրիսցիլլա Փրեսլին, անսպասելի այց էին կատարել Գրեյսլենդ առանձնատուն, որտեղ Փրեսլիի դուստրն անցկացրել է իր մանկությունը: Լիզա Մարիան պատմել է, թե ինչպիսին է այն եղել ու ինչպիսին է հիշում հորը:
«Ես շատ հիշողություններ ունեմ: Մենք շատ ժամանակ ենք միասին անցկացրել հատկապես իմ սենյակում: Նա սիրում էր պարզապես այստեղ նստել ու հեռուստացույց նայել: Նա ժամերով նստում էր իմ սենյակում: Նրա համար դա հանգիստ տեղ էր»,- պատմել է Մարիա Փրեսլին:










































