Հայաստանի մայրաքաղաք Երևանի 2794-ամյակի տոնական միջոցառումները շարունակվում են ամբողջ քաղաքում: Երևանի 26 բեմահարթակներում շարունակվում է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որից այսօր անմասն չմնացին նաև ռոքի սիրահարները:
Հատուկ ռոք երաժիշտների համար ևս օրը տոնական դարձնելու նպատակով քաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրենց ելույթներով հանդես եկան հայ ռոք երաժիշտ-կատարողները: Նրանց ելույթները կշարունակվեն մինչ ուշ երեկո:
Հիշեցնենք, որ Էրեբունի-Երևանի 2794-ամյակին նվիրված տոնական բուն միջոցառումները մեկնարկել են այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանին հարակից հրապարակում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության և Երևանի ավագանու անդամների ու հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ հետևել է բեմականացված ներկայացմանը:
Թատերական ու պարային խմբերի մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Էրեբունու հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը։ Թատերական բեմականացումն ավարտվել է Էրեբունի-Երևանի օրհներգով։
Տոնական միջոցառումները եզրափակվելու են Հանրապետության հրապարակում` ավանդական դարձած տոնական համերգով և հրավառությամբ:









































