«Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը կրող` Երևանի ծննդյան հերթական տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի 26 բեմահարթակներում միջոցառումներ կազմակերպվեցին: Այդ բեմահարթակներից մեկը Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում էր. ազգային երաժշտության բեմ: Ազգային երգ ու պարի հնչյուններն այստեղ թևածում էին ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 23:00-ն:
Հիշեցնենք, որ Էրեբունի-Երևանի 2794-ամյակին նվիրված տոնական բուն միջոցառումները մեկնարկել են այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանին հարակից հրապարակում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության և Երևանի ավագանու անդամների ու հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ հետևել է բեմականացված ներկայացմանը:
Թատերական ու պարային խմբերի մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Էրեբունու հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը։ Թատերական բեմականացումն ավարտվել է Էրեբունի-Երևանի օրհներգով։
Տոնական միջոցառումները եզրափակվելու են Հանրապետության հրապարակում` ավանդական դարձած տոնական համերգով և հրավառությամբ:








































