Նորվեգիայի նոբելյանական կոմիտեն այսօր ժամը 13:00-ին Օսլայում կներկայացնի 2012 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակակրին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում 231 թեկնածու կա, այդ թվում 43-ը` հասարակական և միջազգային կազմակերպություններ:Այդ տվյալները փետրվարի վերջին հայտարարել էր Նորվեգիայի նոբելյանական կոմիտեն` չբացահայտելով թեկնածուների անունները:
2011 թվականին մրցանակի համար պայքարել է 241 թեկնածու: Մրցանակի համար առաջադրվելու վերջնական ժամկետը եղել է փետրվարի 1-ը: Դափնեկրի կամ դափնեկիրների ընտրության համար քվեարկությունը անցկացվում է` համաձայն բարդ ավանդույթների` հոկտեմբերի սկզբին փորձագետների հետ խորհրդակցություններից հետո:
Փորձագետները կարծում են, որ այս տարի Նոբելյանական կոմիտեի անդամները կարող են ուշադրություն դարձնել բռնությունների դեմ հանդես եկող ակտիվիստներին: Հավանական դափնեկիրներ են դիտարկվում ամերիկյան հասարակական գործիչ Ջին Շարպը (1928), որը մշակել է բռնությունից զերծ դիմադրության ռազմավարությունն ու հիմնական սկզբունքները, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օթունբաևան, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ինչպես նաև Եվրամիությունը:
Մրցանակների հանձնման արարողությունը միշտ տեղի է ունենում Օլոյում դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:
Այս տարի պարգևի դրամական չափը կազմում է 8 միլիոն շվեդական կրոն (1,2 մլն դոլար):
2011 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել 3 կանայք` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սյորլիֆը, կանանց լիբերիական խաղաղության շարժման ակտիվիստուհի Լեյմախ Գբովին և եմենցի ակտիվիստուհի Տվակուլ Կարմանը:




































