Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նախօրեին կայացել է բազմահազարանոց երթ, որի մասնակիցները պահանջել են վերացնել «կրոնադավանաբանական» պետական կառավարման համակարգը, երբ պաշտոնները երկրում բաշխվում են ըստ որոշակի կրոնադավանաբանական պատկանելության: Բողոքի ակցիան կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցի միջոցով:
Երթին մասնակցել է մոտ 9 հազար մարդ: Սա առաջին դեպքը չէ, երբ Բեյրութում բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպվում: «Մեկընդմիշտ անհրաժեշտ է դադարեցնել կրոնական հենքի վրա պետական համակարգի ձևավորման պրակտիկան» կարգախոսն են առաջ քաշել փողոց դուրս եկած մարդիկ: Իսկ Facebook-ում ստեղծված խումբը կոչվում է «Լիբանանի ժողովուրդը ցանկանում է վերջ դնել կրոնադավանաբանակա ռեժիմին»:
Տեղեկացնենք, որ 1943թ. Սահմանադրությամբ պետական իշխանությունը բաժանվում է կրոնական համայնքների միջև, որոնց թիվը հասնում է 18-ի. նախագահը պետք է լինի քրիստոնյա մարոնի, վարչապետը` սունի մուսուլման, իսկ խորհրդարանի ղեկավարը` շիա մուսուլման: Մյուս համայնքները ներկայացված են ավելի ցածր պաշտոններում:









































